Նորություններ

Դատավոր Մարդանյանը դատարան կկանչի՞ քննիչներին

16.08.2012

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն. օգոսոտոսի 15, 2012թ.

Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների հեղինակները հանցագործներ են, այդ փորձաքննական եզրակացությունները` ընդամենը խզբզոց. այս մասին հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Օգոստոսի 15-ին՝ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստին դատարանում հետազոտված իրեղեն ապացույցների և հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Նրա ելույթը նման էր քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ խախտումների վերաբերյալ վերլուծականի: Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ մի ամիս առաջ իրենք նախաքննական մարմնից փաստաթուղթ են ստացել այն մասին, որ դեպքի վայրի տեղազննության արձանագրությունը գրելիս քննիչ Սարգիս Մադաթյանը թույլ է տվել մեխանիկական սխալ` տեղազննությունը թվագրելով ոչ թե 2010թ. հուլիսի 27-ին, այլ` հուլիսի 28-ին: Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ քննիչի մեկնաբանություններն անհիմն են, որ իրականում դեպքի վայրում նման փաստաթուղթ չի կազմվել, դրա վկայությունը որպես ընթերակա հանդես եկած Արտակ Հովհանիսյանի ցուցմունքն է, ով դատարանում հայտարարեց, որ ինքը չգիտի, թե ինչ բան է տեղազննությունը, նա տեղազննությանը չի մասնակցել, քննիչը հետին թվով «նկարել է» կեղծ արձանագրությունը և նշել դրա իրական ժամանակը:

Իրավապաշտպանը նշեց, որ նույն` հուլիսի 28-ը, նշվում է մի շարք այլ փաստաթղթերում` դատաբժշկական փորձաքննության եզրակացության և քննիչի որոշումների մեջ: Ռ. Մարտիրոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Արտակ Նազարյանը ստացել է 4 պահունակ` 120 փամփուշտով, որ բոլոր փամփուշտները տեղում են եղել, Արտակը չէր կարող ինքնասպան լինել, որ դատական փորձաքննության ուղարկելիս պարկուճը փոխվել է:

Իրավապաշտպանի համոզմամբ` քննիչ Հայկ Մարգարյանն իր վրա է վերցրել դատաձգաբանի պարտականությունները և հայտարարել, որ մարտական հենակետում ծառայող բոլոր զինվորների և կապիտան Հակոբ Մանուկյանի զենքերից կրակված չէ, որ նրանց փամփուշտները լրիվ են, դրանցից փամփուշտ չի պակասում:

Ռուբեն Մարտիրոսյանի խոսքերով` քննիչ Լևոն Պետրոսյանն ամիսներ անց որոշել է գնալ դեպքի վայր` ժառյաբեկորի մոտ և տեղազննության իմիտացիա արել, նա իբր ժայռաբեկորի մոտ արնանման հետքեր է հայտնաբերել: Մինչդեռ քննիչը պարտավոր էր այդ հետքերը քերել, փաթեթավորել և կնքված վիճակում դրանք ուղարկել փորձագետին, որպեսզի պարզվեր՝ դրանք մարդո՞ւ արյան հետքեր են, այդ դեպքում` ո՞ր խմբին են պատկանում, եթե արյան խումբը հնարավոր էր պարզել, ապա` դա Արտակ Նազարյանի՞ արյունն է: Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ քննիչը նման անօրինականության դիմել է, որպեսզի ցույց տա, որ իբր դեպքը կատարվել է ժայռաբեկորի մոտ: Արտակ Նազարյանի վերնաշապիկին արյան հետքեր են հայտնաբերվել, սակայն տաբատի վրա` ոչ: Այն թեք դիրքում, որ մահացած Արտակ Նազարյանի մարմինը եղել է, նրա տաբատը և վարտիքը արյան մեջ պիտի լինեին՝ կարծում է Մարտիրոսյանը: Դատաբժշկական փորձաքննությամբ` Արտակ Նազարյանի որովայնում արյուն չի հայտնաբերվել:

Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Նազարյանի դիակը տեղափոխվել է, դեպքի վայրը նախաքննության մարմնի կողմից` փոխվել: Իրավապաշտպանն ասաց, որ դատարանում զննված Արտակ Նազարյանի զրահաբաճկոնի վրա հայտնաբերել են հրազենային վնասվածքի հետքեր,և որ իրենք միջնորդելու են այն ուղարկել փորձաքննության:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչներ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդեցին նախաքննության ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ դատարան որպես վկա հրավիրել և հարցաքննել քրեական գործով քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին և Լևոն Պետրոսյանին:

Շուշանյանն այս միջնորդությունը ներկայացնելիս մանրամասն ներկայացրեց իրենց պնդումները նախաքննության ընթացքում քննիչների կատարած խախտումների վերաբերյալ: Բացիայդնանշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մի շարք անձինք` այդ թվում քննիչները, չեն կարող որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննվել,սակայն այս նորմը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատություննների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, որտեղ օգտագործված «վկա» հասկացողությունը, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ունի ինքնավար նշանակություն: Ըստ այդմ` որպես վկա կարող է կանչվել և հարցաքննվել ցանկացած անձ , ով կարող է դատարանին ենթադրաբար հայտնել գործի համար նշանակություն ունեցող փաստեր և հանգամանքներ:

Քննիչներին դատարան կանչելու միջնորդությանը կողմ էին ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանը, նրա պաշտպան Հրանտ Գևորգյանը, ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը և նրա պաշտպան Լևոն Պողոսյանը: Միջնորդությանը դեմ արտահայտվեց միայն գործով մեղադրող Հայկ Հարոյանը: Միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցը կորոշվի դատական հաջորդ նիստին՝ օգոստոսի 21-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am