Նորություններ

Դատարանում ցուցմունք կտա քննիչ Լևոն Պետրոսյանը

23.08.2012

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն. օգոսոտոսի 21, 2012թ.

Օգոստոսի 21-ի դատական նիստին դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց դատարան որպես վկա կանչել գործով քննիչներից միայն Լևոն Պետոսյանին:

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նախորդ նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչները` իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ու փաստաբան Մուշեղ Շուշանյանը, դատարանին միջնորդություն էին ներկայացրել քրեական գործում առկա հակասությունների, դատաքննության ընթացքում այդպես էլ չպարզաբանված հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար դատարան որպես վկա հրավիրել և հարցաքննել նախաքննությունն իրականացրած քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին և Լևոն Պետրոսյանին:

Դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակիորեն. դատարան որպես վկա կկանչվի և կհարցաքննվի միայն քննիչ Լևոն Պետրոսյանը: Ս. Մարդանյանը պատճառաբանեց, որ Լևոն Պետրոսյանն է ավարտել քրեական գործի վարույթը և նա ի վիճակի է սպառիչ պատասխանելու դատավարության մասնակիցների հարցերին:

Այնուհետև ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և նրան կալանքից ազատ արձակել: Պաշտպան Պողոսյանը նշեց, որ Վահագն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավել են Արտակ Նազարյանի մահվան դեպքից 8 ամիս անց: Վ. Հայրապետյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով հարևան` «Լույս» հենակետի ավագը, կապիտան Հակոբ Մանուկյանի կանչով 2010թ. հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան գնացել է «Ղոզլու-12» հենակետ, Հակոբ Մանուկյանի և Արտակ Նազարյանի վեճի և կռվի ժամանակ նրանց բաժանելով հանդերձ` այդ ընթացքում հարվածներ է հասցրել Նազարյանին:

Դատաքննության ժամանակ գործով վկա զինվորները (ում պաշտպան Լևոն Պողոսյանը կոչում է մեղադրական կողմի «պահեստային վկաներ»), այդ վեճ-կռվում Վ. Հայրապետյանի դերակատարության մասին կցկտուր, հակասական ցուցմունքներ տվեցին: Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը Լևոն Պողոսյանի միջնորդության որոշ ձևակերպումների հետ համաձայն չլինելով հանդերձ` միացավ միջնորդությանը: Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանն ասաց, որ պաշտպան Պողոսյանը փորձելով արդարացնել իր պաշտպանյալին, ամբաստանյալ զինվորներին ներկայացնում է բացասական լույսի ներքո, որ իբր նրանք բռնություն են գործադրել Արտակ Նազարյանի հանդեպ, նսեմացրել նրա արժանապատվությունը: Փաստաբան Մնացականյանը միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցը թողեց դատարանի հայեցողությանը: Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեցին, որ իրենք նախկինում էլ պնդել են, որ Արտակ Նազարյանն ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են, հարկավոր է քրեական գործ հարուցել սպանության հոդվածով: Ծովինար Նազարյանն ասաց, որ 5 ամբաստանյալներն անմեղ են, հավելելով` թե նրանց մեջ կլինեն մարդիկ, ովքեր մասնակից են Արտակ Նազարյանի սպանությանը, թող դատվեն:

Դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց պաշտպան Լևոն Պողոսյանի միջնորդությունը , համարելով, որ միայն դատարանին է վերապահված ապացույցներիn գնահատական տալու իրավունքը: Այնուհետև դատավոր Ս. Մարդանյանը անդրադարձավ նախկինում ներկայացված միջնորդություններին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել, որը վերնագրված էր` «հաղորդում հանցագործության մասին»: Այդ միջնորդությունը պնդելով` իրավապաշտպանը վերստին անդրադարձավ նախաքննական մարմնի կողմից թույլ տված, «հանցագործություններին և ապօրինություններին»: Նա ասաց, որ նախաքննական մարմինն այդպես էլ չի պարզել, թե ովքեր են ծեծել և խոշտանգել Արտակ Նազարյանին, նրան պատճառել ընդհանուր առմամբ 54 մարմնական վնասվածք, քննիչները չեն պարզել, թե մահից մեկ-մեկուկես ժամ առաջ ում հետ է ոգելից խմիչք օգտագործել Ա. Նազարյանը: Դեպքից հետո քննիչ Սարգիս Մադաթյանը ժայռաբեկորի մոտ Արտակի արյան կամ ուղեղանյութի հետքեր չի հայտնաբերել, սակայն դրանից 8 ամիս անց գործով նոր քննիչ Լևոն Պետրոսյանը նույն տեղում հայտնաբերել է արնանման հետքեր:

Ռուբեն Մարտիրոսյանը նշեց, որ քննիչը փոխել է գործի կարևոր ապացույց համարվող պարկուճը, այլ պարկուճ ուղարկել դատական փորձագետին, Արտակ Նազարյանի ինքնաձիգի վրա առկա մատնահետքերը ոչնչացվել են, քննիչը կեղծել է դեպքի վայրի տեղազննության արձանագրությունը: Իրավապաշտպանն ասաց, որ նախաքննական մարմինը թաքցրել է դատաբժշկի կողմից քննիչին ուղարկված Արտակ Նազարյանի հետմահու 3 լուսանկար: Ինչո՞ւ Արտակ Նազարյանի հագուստը դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննության չի ենթարկվել` հարցրեց Ռ. Մարտիրոսյանը: Վերջինիս ներկայացրած միջնորդությունը լրացրեց Ծովինար Նազարյանը, դրան միացան ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը, Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը, Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը:

Մեղադրող Հայկ Հարոյանը դեմ էր միջնորդությանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ դեպքի վայրի առաջին տեղազննության ժամանակ քննիչ Սարգիս Մադաթյանը ժայռաբեկորի մոտ արյուն չի հայտնաբերել, իսկ դեպքից 8 ամիս անց քննիչ Լևոն Պետրոսյանը արնանման հետքեր է տեսել, մեղադրողը բացատրեց՝ Մադաթյանի ոչ փորձառու և Պետրոսյանի հմուտ քննիչ լինելու հանգամանքով: Նա փորձեց վիճարկել Արտակ Նազարյանի մարմնական վնասվածքների թիվը, դրանք համարելով 7: Ի պատասխան` Ռուբեն Մարտիրոսյանը ընթերցեց դատաբժշկի եզրակացությունը` թվարկելով Արտակ Նազարյանի ստացած վնասվածքները: Մեղադրողը վկա Արտակ Մնացականյանի ` նույն ժամին տարբեր քննիչների մոտ առերեսման մասնակցելու վերաբերյալ արձանագրությունների առթիվ հայտարարեց, որ հավանաբար քննիչների ժամացույցները լավ չեն աշխատել: Վկա Արտակ Հովհաննիսյանը դատարանում հայտարարել էր, որ դեպքի վայրի տեղազննության ժամանակ ինքն ընթերակա չի եղել, որը սակայն առկա է գործի նյութերում: Մեղադրողը հայտարարեց, որ մեր բանակի զինվորների իրավագիտակցությունը ցածր է, և նրանք հաճախ չեն հասկանում իրենց մասնակցությամբ քննչական գործողությունները: Իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց դիմել Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի նախաքննության ընթացքում ապօրինություններ թույլ տված քննիչների նկատմամբ քրեական գործ հարուցվի` պաշտոնական լիազորությունների գերազանցման և պաշտոնական կեղծիքի մեղադրանքով:

Դատավորը որոշեց այդ միջնորդությունը մերժել՝այն համարելով ժամանակավրեպ, նաև հայտարարեց, որ դատավճիռ կայացնելիս համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է լրացուցիչ որոշում ընդունել, որով պետական համապատասխան մարմնի ուշադրությունը կհրավիրի նախաքննության ընթացքում թույլ տրված էական խախտումների վրա:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 28-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am