Նորություններ

Քննիչը չէր ներկայացել դատարան

28.08.2012

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն. օգոսոտոսի 28, 2012թ.

Oգոստոսի 28-ին՝ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստին, որպես վկա պետք է հարցաքննվեր քննիչ Լևոն Պետրոսյանը, սակայն նա դատարան չէր ներկայացել:

Դատարանում ընթերցվեց հեռախոսագիր, որում քննիչը հայտնում էր՝ իր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծառայողական գործուղման լինելու մասին, որտեղից կվերադառնա օգոստոսի 31-ին:

Այնուհետև ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը միջնորդեցին վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսաերիզը դատատեսաձայնագրային փորձաքննության ենթարկել: Պաշտպանների համոզմամբ՝ այդ փորձաքննությունն անհրաժեշտ է պարզելու՝ Արման Մնացականյանին բացատրվե՞լ են վկայի իր իրավունքները, տեսագրության մեջ հնչող ձայնը Արման Մնացականյանի՞նն է: Պաշտպան Հրանտ Գևորգյանի խոսքերով՝ հակասություններ կան այդ տեսաերիզի և Արման Մնացականյանի գրավոր ցուցմունքների միջև, տեսաերիզում երևում է, թե ինչպես Արման Մնացականյանը քննիչի հարցերին պատասխանում է ասելով` «այո» կամ «ոչ», իսկ վերջինիս գրավոր ցուցմունքները գրված են քննիչի կողմից, չեն բխում Արմանի խոսքերից: Միջնորդությունը մերժվեց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հրապարակեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից մայիս ամսին դատարան ուղարկած տեղեկանքն այն մասին, որ գործով վկա, Գայ գյուղի բնակիչ Արման Մնացականյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում և այդ պատճառով չի կարող դատարան ներկայանալ: Ռուբեն Մարտիրոսյանը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Աբրահամյանին և նրանից գրություն ստացել, որտեղ նշված է,որ տվյալ ժամանակահատվածում Արման Մնացականյանը չի հատել ՀՀ սահմանային անցակետերը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանին միջնորդեցին այդ գրություններն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քննությամբ պարզվի՝ ի՞նչ նպատակով է Վաղարշապատի ոստիկանապետ, գնդապետ Խաչատրյանը դատարանին կեղծ տեղեկություններ տրամադրել:

Այդ միջնորդությանն առարկելով՝ մեղադրող Հարություն Հարությունյանն նշեց, որ գեներալ Աբրահամյանի տված տեղեկանքում նշված են Հայաստանի հարավային, հյուսիսային և արևմտյան սահմանները, իսկ արևելյան սահմանի մասին նշումը բացակայում է, բացի այդ միջնորդությունը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի: Դատավոր Մարդանյանն այս միջնորդությունը ևս մերժեց:

Դատարանում ցուցմունք տված վկա զինվորները հայտնել էին, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո իրենք տևական ժամանակ ռազմական ոստիկանությունում կալանքի տակ են գտնվել: Վերջերս դատարան փաստաթուղթ էր ներկայացվել, որ Արտակ Նազարյանի ղեկավարած հենակետի 10 զինվորները Արտակի մահից հետո զորամասի հրամանատարի կողմից կարգապահական տույժի են ենթարկվել և այդ պատճառով են գտնվել կարգապահական մեկուսարանում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների մոտ այդ տույժի իսկությունը լուրջ կասկած է առաջացրել, որ դրանով մեղադրող կողմը փորձում է արդարացնել զինվորների ապօրինի ազատազրկումը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանում հայտարարեց, որ եթե վկա զինվորները կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, ինչու նրանք դատարանում այդ մասին չհայտարարեցին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդեցին զինվորներին կարգապահական պատասխանատվության հիմքերը,հանգամանքները պարզելու համար որպես վկա հարցաքննել այդ զորամասի նախկին հրամանատարին, ինչպես նաև զորամասից և Ռազմական ոստիկանությունից պահանջել զինվորներին կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված փաստաթղթեր: Դատավոր Սամվել Մարդանյանը բավարարեց միջնորդությունը, և առաջիկայում որպես վկա կհարցաքննվի «Մեհրաբներ» զորամասի նախկին հրամանատար Ղազարյանը: Դատարանը որոշեց զորամասից պահանջել և հրապարակել տվյալ զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հրամանները, նաև որոշեց Ռազմական ոստիկանությունից պահանջել 2010թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 20-ը Ռազմական ոստիկանության մեկուսարանում տույժ կրած զինվորների ցանկը:

Ամբաստանյալ Վահանգն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը միջնորդեց հրապարակել քննիչների իրականացրած գաղտնի վարույթի նյութերը: Դատարանը բավարարելով միջնորդությունը, որոշեց դրանք հրապարակել հետագայում, դռնփակ նիստում:

Դատարանը բավարարեց նաև մեղադրող կողմի՝ Հարություն Հարությունյանի և Հայկ Հարոյանի միջնորդությունը, որպեսզի դատակոչվի և որպես վկա հարցաքննվի դատական բժիշկ Վիգեն Ադամյանը: Միջնորդության հիմք էր ծառայել այն, որ դատական բժշկի կողմից քննիչին ուղարկված 19 լուսանկարներից 3-ը քրեական գործի նյութերից բացակայում են:

Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը դատարանին միջնորդեցին Արտակ Նազարյանի ղեկավարած հենակետում ծառայած, սակայն չդատակոչված զինվորներ Համլետ Աղամիրյանին, Սմբատ Սարգսյանին և Հայկ Ասատրյանին որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Դատական նիստի վերջում տուժողի իրավահաջորդի ներկայուցուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ նախաքննական մարմնին մեղադրեց հանցագործություն կատարելու, Արտակ Նազարյանի սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու մեջ: Իրավապաշտպանը դիմեց մեղադրող Հարություն Հարությունյանին.

«Հիմա նորից ձեզ հայտարարում եմ՝ դուք, պարոն Հարությունյան, հանցագործ եք, և պետք է նստեք այ այնտեղ, հիմա դուք քրեական գործ հարուցեք իմ դեմ, ինչու ես խելոք նստել»: Մեղադրող Հայկ Հարոյանը իրավապաշտպանից պահանջեց հանցագործության մասին իսկույն պատշաճ հաղորդում ներկայացնել: Դատավոր Սամվել Մարդանյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար Ռուբեն Մարտիրոսյանին հեռացրեց դահլիճից:

Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am