Նորություններ

Քննիչը կրկին չներկայացավ դատարան

04.09.2012

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն. սեպտեմբերի 4, 2012թ.

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 4-ի նիստում պետք է հարցաքննվեր գործով քննիչ Լևոն Պետրոսյանը, սակայն նա չէր ներկայացել: Դատարանում սկզբից հայտարարվեց, որ նա գտնվում է Իջևան տանող ճանապարհին, հետո էլ` նրա մեքենան փչացել է:

Դատավոր Սամվել Մարդանյանի հրահանգով դատարան հրավիրվեց տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցիչների միջնորդությամբ որպես վկա դատակոչված զորամասի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը: Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Ս. Ղազարյանին մեկուկես ամիս առաջ ազատել են զորամասի հրամանատարի պաշտոնից, նա այժմ գտնվում է Պաշտպանության նախարարության կադրերի տրամադրության տակ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ նախորդ նիստում դատավորը հայտարարել էր, որ սեպտեմբերի 4-ին պետք է հարցաքննվի քննիչ Պետրոսյանը, իսկ սեպտեմբերի 5-ի նիստին ` լրացուցիչ դատակոչված զինվորները, որ իրենք պատրաստ չեն զորամասի հրամանատարին հարցեր տալուն: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանն էլ դատավորին հիշեցրեց, որ բավարարված միջնորդությամբ վկայի հարցաքննելու հետ պետք է դատարան ներկայացվեին մարտական հենակետի զինվորներին կարգապահական տույժի ենթարկելու, նրանց կալանատուն ուղարկելու հետ կապված փաստաթղթերը, որ դրանց բացակայության դեպքում անիմաստ է վկային հարցաքննելը, քանի որ իրենց հարցերը բխում են այդ փաստաթղթերից:

Այդուհանդերձ, դատավոր Սամվել Մարդանյանը սկսեց վկայի հարցաքննությունը` 20 րոպե տրամադրելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին՝ հարցեր նախապատրաստելու համար: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը վկային հարցրեց, թե նա ինչո՞ւ է 2 հեռախոսագրերով Արտակ Նազարյանի մահվան վայրը նշել խրամատը, իսկ դատարանում հայտարարում է, թե նրան տեսել է ժայռին հենված: Գնդապետ Ղազարյանն ասաց, որ առաջին հեռախոսագիրն ինքը տվել է առանց դեպքի վայրում լինելու, երկրորդ հեռախոսագիրը տվել է, երբ եղել է դեպքի վայրում՝ տեսնելով մահացած Արտակ Նազարյանին «ժայռին խաղաղ հենված»: Իսկ թե ինչո՞ւ է երկրորդ հեռախոսագրում նույնպես խրամատը նշել, Ս. Ղազարյանը պատասխանեց, որ ժայռից սկսվում են խրամատները, նաև ընդունեց, որ ինքն ինչ-որ բառ սխալ է գրել: Նիստի ընթացքում Ռուբեն Մարտիրոսյանը վկային հարցրեց, թե նա ինչո՞ւ է կարգապահական տույժի ենթարկել հենակետի բոլոր զինվորներին: Վկան ասաց, որ կոնկրետ չի հիշում, 2 տարի է անցել, հետո էլ ասաց, որ նրանք կարգապահական կանոնագրքի պահանջների` արտաքին տեսքի, զենքի պահպանության, պահելաձևի խախտումներ ունեին: Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ հարցաքննված զինվորները դատարանում ասել են, որ իրենց կալանատուն տանելը կապված էր Արտակ Նազարյանի մահվան դեպքի հետ:

Դատարանում վեճ բռնկվեց Ռ. Մարտիրոսյանի և դատավոր Մարդանյանի միջև: Վերջինս իրավապաշտպանին հորդորում էր իր հարցերը կապել մեղադրանքի ծավալի հետ, իրավապաշտպանն էլ պնդում էր, թե դրանք անմիջական կապ ունեն քրեական գործի հետ:

Նիստի ընդմիջումից հետո ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանի առողջական վիճակը վատացավ: Նա դեռ առավոտյան հայտնել էր, որ ստամոքսի ցավեր ունի: Դատավոր Սամվել Մարդանյանի պահանջով դատարան ժամանեցին «շտապ օգնության» բուժաշխատողներ, Ալվարդ Մնացականյանին տրվեցին ցավազրկող դեղամիջոցներ: Դատավորը վերսկսելով նիստը, հայտարարեց, որ ըստ բժշկի եզրակացության`Ալվարդ Մնացականյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա դատարանում կարողանա իրականացնել իր մասնագիտական պարտականություննեըը: Այդ պատճառով դատավորը հետաձգեց նիստը և հաջորդ նիստը նշանակեց սեպտեմբերի 5-ին: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ նիստն էլ չի կայանա, քանի որ, ինչպես դատարանում հայտարարեց ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը, ինքն այդ օրն Աբովյանում այլ գործով դատավարության է մասնակցելու:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am