Նորություններ

Դատավարությունն ավարտվում է. կան բազմաթիվ անպատասխան հարցեր

06.09.2012

«Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու գործով 2,5 տարուց ավելի տևող դատական գործընթացը վերջին ամիսների ընթացքում 180 աստիճանի փոփոխություն կրեց: Գողության մեջ մեղադրվողներից մեկը՝ Ստեփան Հովակիմյանը, տվեց ինքնախոստովանական ցուցմունք։ Իսկ մյուս մեղադրյալի՝ Վահրամ Քերոբյանի մեղադրանքից դատախազ Աշոտ Գալստյանը հրաժարվեց սեպտեմբերի 6-ին կայացած դատական նիստում։

Փոխվել են նաև այն հոդվածները, որոնցով տղաները մեղադրվում էին. մեղադրանքից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածը (հանցակցություն)։ Գործով միակ մեղադրյալը Ստեփան Հովակիմյանն է, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կատարված գողության մեջ (177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 

Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողության մեջ մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը: Նրանք կալանավորված էին երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք էր ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք էր բերվել խոշտանգման հետևանքով:

Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չնշվեց մինչև 2012թ.-ի հուլիսի 26-ը, երբ Վահրամ Քերոբյանի մայրը՝ Ռուզաննա Քերոբյանը, դատարանում ցուցմունք տվեց, որ Հովակիմյանը նրա որդուն տվել է կինոթատրոնի դրամարկղի բանալին ու համոզել, որ որդին մտնի դրամարկղ և կատարի գողությունը, սակայն Քերոբյանը հրաժարվել է:

Այս ցուցմունքից առաջ Հովակիմյանը փորձեց ինքնավնասում իրականացնել դատարանի դահլիճում։ Նույն օրը Քերոբյանին գրավի կիրառմամբ ազատ արձակեցին։ Օգոստոսի 30-ի դատական նիստի ժամանակ Հովակիմյանը խոստովանեց իր մեղքը և նշեց Քերոբյանի անմեղության մասին: Առաջին հայացքից ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվել, բայց բազմաթիվ հարցեր այդպես էլ անպատասխան են մնացել:

Ինչո՞ւ Քերոբյանի մայրը, ով, ամեն օր տղային անազատության մեջ տեսնելով, արտասվում էր դատարանի դահլիճում, 2,5 տարի լռելուց հետո միայն ցուցմունք տվեց Հովակիմյանի մեղավորության ու իր որդու անմեղության մասին: Ինչո՞ւ դատախազությունը մինչև այդ հավասարապես մեղավոր էր համարում Քերոբյանին ու չէր ընդունում նույն Քերոբյանի մոր ցուցմունքները որդու անմեղության ու քննությունից չթաքնվելու մասին: Ինչո՞ւ բոլորը դատարանում լռել են այն մասին, որ գործում առկա չեն այլ ապացույցներ, ապացուցված չէ գողացած գումարի չափը և կա տեսաձայնագրություն, որում գողություն անողը ո՛չ Քերոբյանն է, ո՛չ էլ Հովակիմյանը: Ինչո՞ ւ էր Քերոբյանը 2,5 տարի անազատության մեջ, եթե անմեղ է:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չեն հնչել դատարանում: Հարցեր, որոնց այդպես էլ պատասխան չեն տալիս գործով բոլոր կողմերը: Լռությունը և դատական նիստերից հետո դատավարության սենյակում փակվելն ու քննարկումները, հարց է առաջացնում, որ կան տեղեկություններ, որոնց մասին տեղյակ են միայն լռողները:

Քերոբյանի՝ գործին վերջերս ներգրավված փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը, www.hra.am –ի այս հարցերին միայն մեկ պատասխան տվեց:

«Թե ինչու մինչև հիմա ոչինչ չի եղել, չենք կարող ասել, քանի որ մենք ի սկզբանե ներգրավված չենք եղել, ուղղակի մեր պաշտպանյալը հանցագործություն չէր կատարել, ու նա չպետք է մնար անազատության մեջ: Ուստի մայրը ցուցմունք տվեց, իրականությունը ներկայացրեց, որի պայմաններում, ինչպես տեսնում եք, մեր պաշտպանյալը արդարացվեց»,- ասաց Սահակյանը:

Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը, ով գրեթե 3 տարի պայքարում է որդու իրավունքների պաշտպանության համար, չի ուզում մեկնաբանություններ տալ: Միայն ասում է, որ պարզից էլ պարզ է՝ ինքնախոստովանական ցուցմունքը շատ հարցեր է առաջացնում, քանի որ նրա որդին 2,5 տարի նշել է իր անմեղության մասին ու դատական նիստերի ընթացքում նրա մեղավորությունը չի ապացուցվել:

Գողացած գումարի չափն այդպես էլ ապացուցված չէ

«Մոսկվա» կինոթատրոնի ներկայացուցիչ Նորայր Ազատյանն այսօր դատական նիստի ժամանակ գրավոր խնդրել է դատարանին Հովակիմյանից բռնագանձել գողացված 5 մլն 80 հազար դրամը և 10 հազար ռուսական ռուբլին՝ այդպիսով չհամաձայնվելով Հովակիմյանի ցուցմունքի հետ, որի համաձայն՝ նա 2,5 միլիոն դրամ և 10 հազար ռուսական ռուբլի է գողացել: Այս պահանջը կրկնել է նաև գործով նոր դատախազ Աշոտ Գալստյանը:

Նշենք, որ դատարանում այդպես էլ չի ապացուցվել գողացված գումարի չափը, քանի որ հաշվապահն ու գանձապահը տվել են իրար հակասող ցուցմունքներ, որոնք հետագայում պարբերաբար փոխվել են: Այդպես էլ պարզ չէ՝ ովքեր են ստորագրել փաստաթղթերի ներքո, փաստաթղթերի մեջ առկա են կոպիտ սխալներ, որոնք բացառված են համակարգչային ծրագրերի դեպքում, ինչպես նաև փաստաթղթերի վրա առկա ամսաթվերը չեն համընկնում գանձապահի ու հաշվապահի նախկին ցուցմունքների հետ: Ռուսական ռուբլիների առկայության մասին չկա փաստացի որևէ ապացույց:

Քերոբյանի փաստաբան Սահակյանը կարծում է, որ քրեական գործով ապացուցված չէ գումարի չափը, ու պետք է հիմք ընդունվի Ստեփան Հովակիմյանի ցուցմունքում նշված գումարը: Իսկ Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը կարծիք չի հայտնում. նա մի քանի օրից մեկնում է Հայաստանից, և Հովակիմյանին պաշտպանելու է նրա նոր փաստաբանը՝ Արամ Ճուղուրյանը, ով դեռ ծանոթանում է գործի նյութերին:

Քանի որ Ճուղուրյանին ժամանակ է հարկավոր գործին ծանոթանալու համար, դատավոր Մխիթար Պապոյանը որոշում կայացրեց, որ Ազատյանի ու դատախազի պահանջը քննարկվի հաջորդ դատական նիստի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am