Նորություններ

Դատարանը վերացրեց իր կիրառած սանկցիան

12.09.2012

Իրավապաշտպան Ռ.Մարտիրոսյանին հեռացնում են դահլիճից

«Մեհրաբ» զորամասի հենակետերից մեկում սպանված սպա Արտակ Նազարյանի գործով սեպտեմբերի 11-ին կայացած դատական նիստին վերջապես հարցաքննվեց քննիչ Լևոն Պետրոսյանը։ Նրան հարցաքննելու միջնորդություն էին ներկայացրել տուժողի իրավահաջորդները, սակայն վերջին երկու նիստերին քննիչը դատարան չէր ներկայացել։

Մինչ քննիչի հարցաքննությունը դատավոր Սամվել Մարդանյանը ներկայացրեց Արտակ Նազարյանի ղեկավարած հենակետի 12 զինվորներին Բերդի ռազմական ոստիկանությունում պահելու գրության և ոստիկանության գրանցամատյանի պատճեները: Հիշեցնենք, որ տուժող կողմը պահանջել էր դատարանին ներկայացնել զինվորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, ՌՈ համապատասխան փաստաթղթերը և որպես վկա հարցաքննել զորամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարյանին։

Ամբաստանյալների պաշտպանները գրությունները կասկածի տակ դրեցին՝ նշելով, որ դրանք փաստաթղթերի բնօրինակները չեն և պատշաճ վավերացված չեն։ Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարան են ներկայացվել  իրենց պահանջած փաստաթղթերի մի մասը միայն, ուստի իրենք միջնորդում են հրամանատարի հարցաքննությունը հետաձգել։

Դատավորը նշեց, Սեյրան Ղազարյանի հարցաքննությունը կապ չունի ՌՈ–ից պահանջվող փաստաթղթերի հետ, որից հետո իրավապաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Դատավորը փորձեց ընդհատել Ռուբեն Մարտիրոսյանի ելույթը, սակայն վերջինս չենթակվեց դատավորի պահանջներին։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար  Դատավոր Սամվել Մարդանյանը կարգապահական սանկցիա կիրառեց և դահլիճից հեռացրեց իրավապաշտպանին՝ նրան արգելելով մասնակցել առաջիկա երեք նիստերին։

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը  և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը դատավորի որոշումը որակեցին ապօրինություն, «դատական ֆարս» և, ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը։

Ընդմիջումից հետո գործով ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Հրանտ Գևորգյանը և Լևոն Պողոսյանը հայտարարեցին, որ դատարանի կիրառած սանկցիան օրինական չէ։ Հրանտ Գևորգյանը դատարանին միջնորդեց վերացնել Ռ. Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված սանկցիան, քանի որ զորամասի հրամանատարի  հարցաքննությունը կատարվում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությամբ և առաջին հերթին նրանք պետք է հարցեր ուղղեն վկային:

Դատարանը որոշեց վերացնել իր կիրառած դատական սանկցիան՝ նշելով, որ Ռ. Մարտիրոսյանը փաստաբան չէ, և Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սանկցիաները նրա նկատմամբ կիրառելի չեն: Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները դահլիճ վերադարձան:

Մարդանյանը որոշեց կրկին դիմել Ռազմական ոստիկանությանը և զորամասի հրամանատարությանը՝ պահանջելով զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնել դատարան։ 

Քննիչը որոշ փաստեր «էական չի համարել»

Նիստը շարունակվեց քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննությամբ։ Նրան մի շարք հարցեր ուղղեց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Այն հարցին, թե ինչպե՞ս կարող էր Արտակ Նազարյանն իր ինքնաձիգով ինքնասպան լինել, երբ չորս պահունակների բոլոր փամփուշտները տեղում են եղել քննիչը պատասխանեց, որ ինքնասպանությունն ապացուցվում է դատաձգաբանական փորձաքննությամբ, իսկ պահունակը կարող է 30-ի փոխարեն 31 փամփուշտ տեղավորել և անխափան աշխատել:

Իրավապաշտպան հետաքրքվեց, թե դեպքի վայրի տեղազննությամբ գտնված 7809 համարի դաջվածքով պարկուճն ինչպե՞ս է դատական փորձագետին ուղարկվելիս փոխվել, դարձել 6078 համարի: Քննիչը բացատրեց, որ պարկուճը չի փոխվել, պարզապես տեղազննություն կատարած քննիչը սխալ է ընթերցել և թյուրիմացաբար սխալ է արձանագրել, իսկ դատական փորձագետը, լինելով մասնագետ, ճիշտ է ընթերցել պարկուճի համարը: Իսկ այն հարցին, թե դատական փորձագետն ինչո՞ւ այդ փաստը չի արձանագրել կամ քննիչն ինչո՞ւ այդ կապակցությամբ չի հարցաքննել փորձագետին, Լևոն Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը  դա էական չի համարել:

Ըստ գործի նյութերի՝ Նազարյանի մահվանից երեք ամիս հետո քննիչ Պետրոսյանը տեղազննություն է կատարել և արձանագրել, որ դեպքի վայր համարվող ժայռաբեկորի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր: Ռուբեն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր քննիչը գնացել դեպքի վայր։ Պետրոսյանն ասաց, որ հենակետի տարածքում ալկոհոլի շիշ էր ման գալիս, քանի որ փորձաքննությամբ պարզվել է, որ մահվանից մեկուկես ժամ առաջ Ա. Նազարյանը ինչ–որ հանգամանքներում ալկոհոլ է օգտագործել։

Քննիչը դատարանում ասաց, որ իր հայտնաբերած արնանման հետքերը վառ կարմիր գույնի են եղել, իսկ իրավապաշտպանն ընթերցեց մասնագիտական գրքից մի հատված, ըստ որի՝ ժամանակի ընթացքում արյունը գունաթափվում է, դառնում գորշ դարչնագույն:

Մարտիրոսյանը հավելեց, որ քննիչը պարտավոր էր արնանման հետքերից նմուշ ուղարկել փորձաքննության՝ պարզելու, թե դա մարդու արյո՞ւն է արդյոք, ի՞նչ խմբի և ո՞ւմ է պատկանում։ Իսկ քննիչ Պետրոսյանն ասաց, որ ինքը փորձաքննության կարիք չուներ, քանի որ պարզ էր, որ դա Արտակ Նազարյանի արյունն էր։

Դատական նիստը հետաձգվեց։ Քննիչ Պետրոսյանի հարցաքննությունը կշարունակվի  սեպտեմբերի 12-ին:

Քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննության տեսանյութը կարող եք դիտել այստեղ։  Տեսանյութի հեղինակ՝ ԾովինարՆազարյան։

Հեղինակ՝ Ոսկան Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am