Նորություններ

«Մեղադրյալներին ազատ արձակե՛ք». փաստաբան Մուշեղ Շուշանյան

14.09.2012

«Նախաքննությունը չի պարզել, թե Արտակ Նազարյանի մահվանից առաջ վերջին վեց ժամում ի՞նչ է տեղի ունեցել, և ինչի՞ց են առաջացել նրա մարմնական վնասվածքները։ Ուրեմն հենց հիմա ազատ արձակե՛ք մեղադրյալներին»,– Արտակ Նազարյանի գործով դատական նիստին հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Սամվել Մարդանյան) սեպտեմբերի 12-ին շարունակվեց սպա Արտակ Նազարյանի մահվան գործով վկա, քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը։

Փաստաբան Շուշանյանի հարցին, թե մահվանից 6 ժամ առաջ Արտակ Նազարյանին հասցված մարմնական վնասվածքների պատճառները պարզելու համար մարտական հենակետի զինծառայողներից ովքե՞ր են հարցաքննվել, քննիչը տվեց երկու զինծառայողի անուն: Իսկ դատավոր Մարդանյանը նկատեց, որ մեղադրանքի ծավալում մահվանից 6 ժամ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին որևէ խոսք չկա, որովհետև նախաքննական մարմինն ապացույցներ ձեռք չի բերել այդ ընթացքում կատարվածի մասին։

«Հինգ անձի մեղադրանք է առաջադրվել, որից չորսը երկու տարուց ավելի կալանքի տակ է գտնվում, ուրեմն կարող ենք հայտարարել, որ այդ մեղադրանքները լրիվ անհիմն են: Եթե մեղադրանքի ծավալի մեջ մտնում է հուլիսի 19-ի (Նազարյանի մահից 8 օր առաջ-հեղ.) միջադեպը, բայց չի մտնում մահվանը նախորդող վերջին 6 ժամվա ընթացքում տեղի ունեցածը, ուրեմն այս մարդկանց ազատ արձակե՛ք»,– դիմելով դատավորին հայտարարեց Մուշեղ Շուշանյանը:

Հարցաքննության ընթացքում քննիչն ասաց, որ ինքը ֆիքսել է ողջ գիշերվա ընթացքում Նազարյանի կատարած  տեղաշարժը: Սակայն չկարողացավ պատասխանել այն հարցերին, թե այդ գիշեր Նազարյանը որտե՞ղ, ո՞ւմ հետ և ի՞նչ խմիչք է օգտագործել՝ նշելով, որ քննությամբ չի պարզվել այդ հարցերի պատասխանը: «Վկան ակնհայտ կեղծ ցուցմունք է տալիս»,– հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։

Նա խոսեց նաև կրակոցի լրացուցիչ արգասիքների մասին և հետաքրքրվեց, թե պղնձի մետաղայնացման հետքերն ինչպե՞ս են հայտնվել հենակետի յոթ զինվորների հագուստների վրա, նրանք կրակոցի ժամանակ  եղե՞լ են ժայռաբեկորի մոտ։

Քննիչը պատասխանեց, որ զինվորները պարբերաբար կրակային պատրաստության դասընթացի են մասնակցում, իսկ կրակոցի լրացուցիչ արգասիքները ուշ են մաքրվում, իսկ եթե զկրակոցի պահին Նազարյանի մոտակայքում լինեին, ապա նրանց մարմինների վրա պղնձի մետաղայնացման հետքերը կգերազանեին թույլատրելի շեմը:

Մուշեղ Շուշանյանը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է քննիչին հայտնի, որ մետաղայնացման հետքերը երկար են պահպանվում։ Քննիչն ասաց, որ ինքը փորձագիտական կենտրոնում վերապատրաստան դասընթացների  ժամանակ է իմացել: Փաստաբանն ասաց, որ վկան իրավասու չէ նման պատասխան տալ՝ իրեն փորձագետի տեղ դնելով:

Սրանից հետո վիճաբանություն սկսվեց մեղադրող կողմի և փաստաբանի միջև: Շուշանյանը հայտարարեց, որ մեղադրողներն  անտեղի ռեպլիկներ են հնչեցնում, խոչընդոտում  վկայի հարցաքննությանը:

Նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը քնիչին և դատախազներին մեղադրեց գործը կեղծելու մեջ, իսկ դատավոր Մարդանյանին  ասաց, որ նա անկողմնակալ չէ և ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց։ Միջնորդությանը միացան նաև տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, 3 ամբաստանյալները և նրանց պաշտպանները։

Դատավորը  հեռացավ խորհրդակցական սենյակ՝  ինքնաբացարկի միջնորդությունը քննելու և, վերադառնալով, մերժեց այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Այնուհետև շարունակվեց քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը:

Ծովինար Նազարյանը  քննիչին ասաց, որ դեպքի վայրի տեղազննության արձանագրությանը կից պետք է լիներ 19 լուսանկար, սակայն քրեական գործում առկա է 16 լուսանկար, ո՞ւր են մնացած լուսանկարները: Քննիչն ասաց, որ ինքը դա չի նկատել:

Իրավապաշտպան Մարտիրոսյանը հարցրեց, թե ինչպես է, որ Նազարյանի ձեռքում եղած ինքնաձիգի վրա մատնահետքերը չեն պահպանվել, այլ մնացել են միայն ճարպային հետքեր:

Քննիչը, կրկին իրեն  փորձագետի իրավունք վերապահելով, պատասխանեց, որ  Նազարյանի ինքնաձիգի վրա մնացել են մատնահետքեր, որոնք սակայն պիտանի չեն համեմատական հետազոտություն կատարելու համար: Մարտիրոսյանը նշեց, որ պիտանի լինել–չլինելու եզրակացությունը փորձագետը պիտի տար։ «Դուք որոշել եք, որ անիմա՞ստ է դատամատնահետքաբան փորձագետին հարցաքննելը»,– հարցին քննիչը պատասխանեց՝ «իահերկե»։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանի մահվան նախորդ օրը վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանն ու կապիտան Հակոբ Մանուկյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ բարձրախոսը միացված է եղել, և Արտակ Նազարյանը լսել է Ուդումյանի կողմից իր հասցեին հնչած վիրավորական արտահայտություններ։ Նազարյանը պատասխանել է, որից հետո պայմանավորվել են հանդիպել և պարզաբանել։ 

 «Ո՞րն է պատճառը, որ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել քրեական գործով 5 ամբաստանյալներին և մեղադրանք չի առաջադրել Գագիկ Ուդումյանին: Ո՞րն է այն չափանիշը, որ դուք որոշել եք, որ Արտակ Նազարյանը չէր կարող ինքնասպան լինել Գագիկ Ուդումյանի հետ խոսակցության ազդեցության տակ, մանավանդ որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել դեպքի նախորդ օրը»,– քննիչին հարցրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Դատավոր Մարդանյանը հանեց հարցը՝ ասելով, որ այն գործի հետ կապ չունի, Ուդումյանի նկատմամբ քրեական գործով հարուցված մեղադրանք չկա:
Նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 18-ը, որի ժամանակ կշարունակվի քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը:

Ոսկան Սարգսյան

Իջևան 

Աղբյուրը՝ www.hra.am