Նորություններ

Պաշտպանական ճառից հետո կհրապարակվի վճիռը

18.09.2012

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության գործի դատաքննությունը մոտենում է ավարտին: Սեպտեմբերի 25-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով, որից հետո Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը կհրապարակի իր վճիռը:

Սեպտեմբերի 14-ին կայացած նիստին Ստեփան Հովակիմյանը պնդեց, որ համաձայն չէ  «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության և դատախազ Աշոտ Գալստյանի կողմից հրապարակվող գողոնի չափի հետ, որ ինքը դրամարկղից գողացել է ոչ թե 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի, այլ 2,5 միլիոն դրամ և 10 հազար ռուսական ռուբլի: Նա այս թիվն է հայտնել նաև ինքնախոստովանական ցուցմունքներ տալիս։

Գործով նոր պաշտպան, փաստաբան Արամ Ճուղուրյանը դատարանից խնդրեց 10 օր պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնից գողության կատարելու մեջ մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը: Նրանք կալանավորված էին երկու տարուց ավելի: Կալանավորման միակ հիմքը Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որը, նրա պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգման հետևանքով:

Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չնշվեց մինչև 2012թ.-ի հուլիսի 26-ը, երբ Վահրամ Քերոբյանի մայրը՝ Ռուզաննա Քերոբյանը, դատարանում ցուցմունք տվեց, որ Հովակիմյանը իր որդուն տվել է կինոթատրոնի դրամարկղի բանալին ու համոզել, որ դրամարկղից գողություն կատարի, սակայն Քերոբյանը վերջին պահին հրաժարվել է: Ավելի ուշ Հովակիմյանը դատարանում ցուցմունք տվեց և խոստովանեց, որ Քերոբյանն անմեղ է։

Վահրամ Քերոբյանի խափանման միջոցը օգոստոսին փոխարինվեց 500.000 ՀՀ դրամ գրավով, և նա ազատ արձակվեց։ Իսկ Ստեփան Հովակիմյանը դեռ կալանավորված է և մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կատարված գողության մեջ (ՀՀ Քր.օր. 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00–ին: 

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am