Նորություններ

Անմեղ մարդը 2.5 տարի ազատազրկման մեջ է եղել

26.09.2012

Սեպտեմբերի 25-ին հրապարակվեց «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու գործով դատարանի կայացրած վճիռը։ Դատարանը՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Ստեփան Հովակիմյանին՝ նրան դատապարտելով 3 տարի ազատազրկման: Իսկ գործով մյուս մեղադրյալ Վահրամ Քերոբյանին դատարանն անմեղ ճանաչեց: Այսինքն՝ անմեղ մարդը 2,5 տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ է պահվել առանց որևէ հիմնավոր ապացույցի։

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում էին «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողության կատարելու մեջ: Նրանք կալանավորված էին երկու տարուց ավելի: Կալանավորման միակ հիմքը Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն էր, որը, նրա պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգման արդյունքում։

Վահրամ ՔերոբյանՆրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չնշվեց մինչև 2012թ.-ի հուլիսի 26-ը, երբ Վահրամ Քերոբյանի մայրը՝ Ռուզաննա Քերոբյանը, դատարանում ցուցմունք տվեց, որ Հովակիմյանը իր որդուն տվել է կինոթատրոնի դրամարկղի բանալին ու համոզել, որ դրամարկղից գողություն կատարի, սակայն Քերոբյանը վերջին պահին հրաժարվել է: Ավելի ուշ Հովակիմյանը դատարանում ցուցմունք տվեց և խոստովանեց, որ Քերոբյանն անմեղ է։

Դրանից հետո Վահրամ Քերոբյանի խափանման միջոցը փոխարինվեց, և նա 500.000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց՝ ավելի ուշ անմեղ ճանաչվելով։

Ըստ դատարանի վճռի՝ Ստեփան Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել խոշոր չափերով կատարված գողության մեջ (ՀՀ Քր.օր. 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), որը նախատեսում է 3 տարի ազատազրկում: Նշենք, որ Հովակիմյանը կալանավորված է 2010թ. փետրվարից։ Կալանավորման ժամկետը գումարվում է պատժաչափին, և 2013-ի փետրվարին նա արդեն ազատ կարձակվի։

Տուժողի իրավահաջորդ, «Մոսկվա» կինոթատրոնի ներկայացուցիչ Նորայր Ազատյանը դատական վերջին նիստին ասաց, որ չի ուզում դատարանում քննարկել գողացված գումարը կինոթատրոնին վերադարձնելու հարցը, քանի որ Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը, փոխհատուցել է գումարի մի մասը, մնացածն էլ հետագայում կփոխհատուցի:

  

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am