Նորություններ

Տեղի ունեցավ «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը

28.09.2012

Տեղեկատվության ազատության միջազգային օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ոսկե բանալին, որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց վեց անձանց և կազմակերպությունների, իսկ փակ և վատ աշխատանքի խորհրդանիշ «ժանգոտ կողպեքն» այս տարի չգտավ իր հասցեատիրոջը։

«Սա շատ լավ ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին և այն դրական միտումի մասին, որ գրանցվում է տարեցտարի։ Եթե հաջորդ տարի էլ նույն պատկերը կրկնվի, ուրեմն մենք կարող ենք հաստատապես արձանագրել, որ Հայաստանում կա առաջընթաց տեղեկատվության ազատության ոլորտում»,– ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։

Ոսկե բանալիներ շնորհվեցին՝

ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին (www.mta.gov.am)` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն,

Աննա Իսրայելյանին՝ (www.aravot.am և Ազատություն ռադիոկայան)` որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող

CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։

Այս տարի ԻԱԿ-ի հատուկ մրցանակը շնորհվեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար։

Աղբյուրը՝ www.hra.am