Նորություններ

«Քաղբանտարկյալ» եզրույթն արդեն սահմանում ունի

04.10.2012

Հոկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև, որով սահմանել է «քաղաքական բանտարկյալ» եզրույթը:

Վեհաժողովը կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին այս բանաձևի չափանիշների հիման վրա վերանայել բոլոր այն գործերը, որտեղ խոսվում է ենթադրյալ քաղբանտարկյալների մասին՝ նրանց ազատ արձակելով կամ գործերը վերաբացելով:

Քաղբանտարկյալ եզրույթը սահմանելու առաջարկությունը ԵԽԽՎ Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, գերմանացի Քրիստոֆ Շտրեսսերինն է։

Ընդունած բանաձևի համաձայն՝ անձը համարվում է քաղաքական բանտարկյալ.

ա) եթե խախտվել է նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված հիմնարար իրավունքներից մեկը (մտքի, խղճի, դավանանքի ազատություն, ազատ արտահայտվելու, տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև՝ հավաքների և միությունների անդամակցելու ազատություն),

բ) եթե ազատությունից զրկել են բացառապես քաղաքական դրդապատճառներով, երբ չկա անձի կողմից կատարված որևէ հանցանք,

գ) եթե, քաղաքական դրդապատճառներից ելնելով, կալանքի տակ պահելու պայմանները կամ ժամկետները անհամաչափ են վերագրվող արարքի հետ համեմատ,

դ) եթե, քաղաքական դրդապատճառներից ելնելով, անձի ձերբակալումը կատարվել է խտրական ձևով՝ այլ անձանց հետ համեմատած,

ե) եթե ձերբակալումը անարդար վարույթների արդյունք է և կապված է իշխանությունների հետապնդած քաղաքական շարժառիթների հետ։

Վեհաժողովի բանաձևում նշված է նաև, որ ահաբեկչական հանցագործությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղբանտարկյալներ, եթե դատապարտվել են ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը մարտիմեկյան դեպքերից հետո ազատազրկված մի խումբ ընդդիմադիր գործիչներին համարում է քաղբանտարկյալներ։ 2011թ Հայաստան ժամանած ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը խուսափել էր այդ ընդդիմադիրներին «քաղբանտարկյալներ» անվանել՝ պատճառաբանելով, որ մարդու իրավունքների միջազգային իրավական ակտերում  «քաղբանտարկյալ» եզրույթը չկա։ 
Աղբյուրը՝ www.hra.am