Նորություններ

Նազարյանի գործով վկան հերքեց նախկին ցուցմունքները

10.10.2012

Վկա Սմբատ Սարգսյանը

Սպա Արտակ Նազարյանի մահվան գործով հոկտեմբերի 9-ին կայացած դատական նիստին հարցաքնվեց վկա Սմբատ Սարգսյանը։ Նա դատակոչի ցուցակում չկար, և հարցաքննության էր կանչվել քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպանի միջնորդությամբ։

Վկան պատմեց, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո ինքը 4 օր ռազմական ոստիկանությունում կալանքի տակ է գտնվել, որտեղ 3 անգամ հարցաքննվել է: Նա շատ հարցերի պատասխանում էր կցկտուր կամ ասում էր, որ չի հիշում։

Հարցաքննությունից հետո, երբ հրապարակվեցին Սմբատ Սարգսյանի նախաքննական ցուցմունքներն ու առերեսման արձանագրությունները, նա հերքեց ամեն ինչ։ Սմբատյանը հայտարարեց, որ այդ ցուցմունքները ոչ թե ինքն է գրել, այլ՝ քննիչը, իսկ ինքը ստորագրել է դրանց տակ՝ առանց կարդալու։

Սմբատ Սարգսյանը հերքեց նախորք ցուցմունքներում տեղ գտած այն պնդումը, թե Արտակ Նազարյանի մահվան նախորդ օրը, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ինքը «Ղոզլու» հենակետ է գնացել, որտեղ ծխարանում ներկա է եղել կապիտան Հակոբ Մանուկյանի և Արտակ Նազարյանի խոսակցությանը և տեսել, թե ինչպես է կապիտանն ապտակել Արտակ Նազարյանին։

Դատարանում վկան հայտարարեց, որ ինքը հենակետ է գնացել երեկոյան ժամը 7-ից 8-ի սահմաններում, ծխարանում նման խոսակցություն չի եղել, Մանուկյանը Նազարյանին չի ապտակել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը և Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևոգյանը հայտարարեցին, որ վկայի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ապացույց են, քանի որ նա 4 օր  ապօրինի պահվել է Ռազմական ոստիկանությունում՝ այլ վկաների հետ նույն խցում:

 «Մենք մեկ տարի շարունակ հայտարարում ենք, որ գործի նախաքննության ժամանակ կատարվել է հանցագործություն, որի ակտիվ մասնակիցներն են եղել ՊՆ քննչական ծառայության, զինվորական դատախազության և ռազմական ոստիկանության աշխատակիցները»,– դատարանում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց, որ Սմբատ Սարգսյանը երկրորդ վկան է Ռաֆայել Էվոյանից հետո, ումից նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունքներ են կորզել։

Իրավապաշտպանի խոսքերով՝ քննիչ Պետրոսյանը խեղաթյուրել է դեպքի հանգամանքները և բոլորին ուզում է համոզել, որ Արտակ Նազարյանի վրա եղած բազմաթիվ քերծվածքներն ու կապտուկներն առաջացել են Հակոբ Մանուկյանի ապտակից։

Մեղադրող Հարություն Հարությունյանը վկային զգուշացրեց, որ սուտ ցուցմունքներ տալու համար դատարանը կարող է անձին պատասխանտվության ենթարկել: Դատավարության մյուս մասնակիցները դա համարեցին վկայի նկատմամբ ճնշում։ Դահլիճում աղմուկ բարձրացավ, և դատավոր Սամվել Մարդանյանը ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո կապիտան Մանուկյանի պաշտպանը նշեց գործում առկա մի քանի հակասություններ։ Ըստ վկա Սմբատ Սարգսյանի նախաքննական ցուցմունքի՝  Հակոբ Մանուկյանի և Արտակ Նազարյանի ենթադրյալ վեճի ժամանակ ինքը գտնվել է ծխարանում, իսկ ամբաստանյալ Մանուկյանի հետ առերեսման արձանագրությունում նշված է, թե Սարգսյանը այդ խոսակցության ժամանակ եղել է ծխարանից 2 մետր հեռավորության վրա։ Ցուցմունքում նշված է, որ ծխարանում են եղել նաև հենակետի մի քանի զինվորներ, մինչդեռ դա ժխտվել է դատավարության ընթացքում այդ վկաների տված ցուցմունքներով:

Դատական նիստը շարունակվեց դռնփակ, քանի որ պետք է հետազոտվեին գործում առկա ռազմական գաղտնիք պարունակող նյութեր: 

Աղբյուրը՝ www.hra.am