Նորություններ

Թերթերին փոխարինելու են գալիս առցանց լրատվամիջոցները

16.10.2012

1794թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն Շմավոնյանը լույս ընծայեց առաջին հայկական տպագիր ամսագիրը՝ «Ազդարարը»։ Ի պատիվ այդ օրվան՝ 2004 թվականից հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայկական մամուլի օր։

Այսօր հրավիրված ասուլիսին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասել է, որ տպագիր թերթերի զարգացման լուրջ հեռանկար չի տեսնում, հատկապես՝ Հայաստանում:

«Սա ողջ աշխարհում գլոբալ խնդիր է, բայց Հայաստանում՝ առավել արտահայտված, և սխալ քաղաքականության արդյունք է»,– նշել է նա՝ հավելելով, որ ավանդական լրատվամիջոցներին փոխարինելու են գալիս «այլընտրանքային» կոչվող ինտերնետային լրատվամիջոցները։

«Ժամանակ» օրաթերթի և www.1in.am լրատվական կայքի խմբագիր Արման Բաբաջանյանն էլ նկատել է, որ վերջին մեկուկես–երկու տարվա ընթացքում մամուլի ազատության վիճակը Հայաստանում բարելավվել է՝ նախորդ տարիների համեմատ։

Նրա համոզմամբ՝ մարդիկ այսօր ավելի շատ վստահում են էլեկտրոնային կայքերին։

«Ինտերնետային իրականությունն ուղղակի նեղն է գցել թերթային հրատարակչություններին, և այստեղ մենք լուրջ կորուստ ենք ունենալու»,– նշել է Բաբաջանյանը՝ կանխատեսելով, որ նախագահական ընտրություններից հետո որոշ տպագիր թերթեր կփակվեն։ 

Աղբյուրը՝ www.hra.am