Նորություններ

Չեն հավատում դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը

17.10.2012

Կրկնակի փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը մերժվեց

Հոկտեմբերի 16-ին շարունակվեց «Մեհրաբ» զորամասի հենակետերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացած սպա Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը։

Դատարանն անդրադարձավ նախորդ նիստին արված միջնորդությանը։ Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի  պաշտպաններ Հրանտ Գևորգյանի և Արմինե Ղասաբողլյանը միջնորդել էին դատահոգեբանական կրկնակի փորձաքննություն կատարել։

Նրանք, ինչպես նաև Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչները արժանահավատ չեն համարում հոգեբան Էլդա Գրինի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը։

Մանուկյանի պաշտպանները դատարանին են ներկայացրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ին կատարած իրենց հարցման պատասխանը, որի համաձայն՝ հնարավոր չէ  կատարել մահվանից մեկ-մեկուկես ժամ առաջ միջին աստիճանի խմածության վիճակում գտնված անձի հետմահու դատահոգեբանական փորձաքննություն` գիտականորեն հիմնավորված համապատասխան մեթոդաբանության բացակայության պատճառով: Իսկ ըստ ըստ դատաբժիշկ-փորձագետի եզրակացության՝ Արտակ Նազարյանը եղել է նման վիճակում։

Մյուս հիմնավորումն այն է, որ հոգեբան–փորձագետը եզրակացությունը կայացնելիս առաջնորդվել է նախաքննության փուլում ապօրինի կալանքի տակ պահված վկաների  ցուցմունքներով, որոնք ասել էին, Ա. Նազարյանը եղել է թույլ, ընկճված սպա, իսկ դատաքննության ընթացքում հակառակն են պնդել։

Մեղադրող Հարություն Հարությունյանը դեմ արտահայտվեց միջնորդությանն` ասելով, որ նախկինում  դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունը կատարվել է ոչ միայն վկաների  նախաքննական ցուցմունքների, այլ` քրեական գործում առկա այլ նյութերի հիման վրա։ Նա նշեց, որ դատահոգեբանական փորձաքննության հեղինակը միայն Էլդա Գրինը չէ, այլ՝  գիտության դոկտորներից, ակադեմիկոսներից բաղկացած հանձնաժողովը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միացան փորձաքննությանը, սակայն վերապահումով։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պնդեց, որ Արտակ Նազարյանի ծոցատետրը, որտեղ նա, իբր, գրել է ինքնասպանության մասին, պետք է համարվի անթույլատրելի ապացույց և փորձաքննության չենթարկվի, քանի որ դրա կապված առեղծվածային, չբացահայտված հանգամանքներ կան։

Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանն էլ նշեց, որ փորձաքննության եզրակացության տակ Էլդա Գրինի ստորագրությունը նրանը չէ, այլ՝ նմանեցված է։

«Եթե  էլդա Գրինի ստորագրությունը նմանեցված է, ապա դա հանցանք է։ Փաստորեն, դատարան է ուղարկվել չբացահայտված քրեական գործ։ Եթե դատարանը չունի օբյեկտիվ անցկացված դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է վճիռ կայացնել»,– հայտարարեց պաշտպան Հրանտ Գևորգյանը։

Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Սամվել Մարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ և, վերադառնալով, հրապարակեց մերժման որոշումը: 

Պաշտպան Գևորգյանը հայտարարեց, որ դատավորն իր որոշման մեջ միջնորդությունը ներկայացրել է աղավաղված ձևով, որ ինքը չի առաջարկել Ա. Նազարյանի հետմահու կրկնակի  համալիր դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն անցկացնել, այլ միայն` հոգեբանական փորձաքննություն:

Նա նշեց, որ դատարանը հաշվի չի առել «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» այն եզրակացությանը, որ Հայաստանում գոյություն չունի միջին աստիճանի խմած վիճակում գտնված անձի հոգեբանական վիճակը որոշելու պրակտիկա։ Եվ, վերջապես, փորձագետները չգիտեն, թե ովքեր են ծեծել և խոշտանգել Արտակ Նազարյանին մահվանից 6 ժամ առաջ:

Հրանտ Գևորգյանը դատավորին մեղադրեց պատշաճ կերպով դատը վարելու, կողմնակալության, մեղադրող կողմի շահերը պաշտպանելու մեջ և ինքնաբացարկ հայտնեց նրան: Ինքնաբացարկի միջնորդությանը միացան Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը  և փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 17-ի նիստում:

Ոսկան Սարգսյան

Իջևան 

Աղբյուրը՝ www.hra.am