Նորություններ

Դատավոր Մարդանյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

18.10.2012

«Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով հոկտեմբերի 17-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Դատավորը մերժեց միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին հայտնել ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանները։

Իր որոշումը Սամվել Մարդանյանը հիմնավորեց նրանով, որ ինքնաբացարկի միջնորդության  հիմք հանդիսացած ապացույցները դեռևս չեն գնահատվել դատարանի կողմից:

Հոկտեմբերի 17-ի դատական նիստին չէին ներկայացել չորս ամբաստանյալների պաշտպանները, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներակայացուցիչները։

Ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանը, Հարութիկ Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը և Ադիբեկ Հովհաննիսյանը դատարանին հայտնեցին, որ դեմ չեն, որ նիստը շարունակվի իրենց պաշտպանների բացակայությամբ։ Սակայն երբ մեղադրող Հարություն Հարությունյանը  միջնորդեց ամբաստանյալներին հարցաքննել 2010թ. հուլիսի 16-27-ը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, նրանք հրաժարվեցին առանց պաշտպանների հարցաքննվելուց:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 23-ը:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը 2010թ. հուլիսի 27-ին ծառայության վայրում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել, իսկ  հարազատների պնդմամբ՝ սպանվել: Գործը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մտել «ինքնասպանության դրդում» հոդվածով։

Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցները՝ կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը:

Ոսկան Սարգսյան

Իջևան 

Աղբյուրը՝ www.hra.am