Նորություններ

Փաստաթղթերը ոչ թե գաղտնի են, այլ՝ կեղծված. իրավապաշտպան

25.10.2012

Հոկտեմբերի 23-ի և 24-ի նիստերում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում հետազոտեց սպա Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների կարգապահական տույժերի վերաբերյալ փաստաթղթերը։

Դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց զորամասի կարգապահական խախտումների գրանցամատյանը և զինվորներին կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանները հետազոտել դռնփակ նիստում։ Նա հիմնավորեց, որ դրանք ստացվել էին գաղտնի ռեեստրով և համարվում են ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։

Ընդմիջմանը փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծիք հայտնեց, որ դատարանի որոշումը կամայական էր, քանի որ չհիմնավորվեց, թե հետազոտվող փաստաթղթերի ինչն էր ռազմական գաղտնիք, և տեղեկատվության ազատության սահմանափակումն ի՞նչ իրավաչափ նպատակներ էր հետանդում։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կարծում են, որ որպես ապացույց ներկայացված փաստաթղթերը երկու տարվա վաղեմության տեսք չունեն։

«Դրանք ակնհայտ կեղծած փաստաթղթեր են, որոնց նպատակն է կոծկել նախաքննական մարմնի հանցագործությունները. տասնմեկ զինծառայողները շաբաթներ շարունակ ապօրինաբար պահվել են անազատության մեջ, և այդ հանցագործությունը թաքցնելու համար կեղծ փաստաթղթեր են սարքել»,– նշեց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով՝ հրամաններում նշված է, որ զինծառայողները կարգապահական տույժի են ենթարկվել ներքին ծառայության կանոնադրության կանոնները խախտելու համար, սակայն նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ խախտում են արել։

Իրավապաշտպանի տպավորությամբ՝ դատարանում ներկայացված հրամանները և գրանցամատյանը կասկածելի թարմ տեսք ունեն, մինչդեռ դրանք 2010թ. հուլիս-օգոստոս ամիսներով են թվագրված։

Մուշեղ Շուշանյանն էլ հավելեց, որ հրամանագրքի մինչև 42-րդ էջն է համարակալված, վերջին 14 թերթերը համարակալված չեն, ինչը հիմնավորում է իրենց կասկածները։

Տուժող կողմին չեն տրամադրվել այս փաստաթղթերի պատճեները՝ կիկին դրանց գաղտնի լինելու հիմնավորմամբ։ Սակայն Ռուբեն Մարտիրոսյանը հայտնեց, որ ինքը դրանց թանաքից փորձանմուշ է վերցրել, որը կուղարկի փորձաքննության փաստաթղթերի կազմման վաղեմությունը որոշելու համար:

Ոսկան  Սարգսյան

Իջևան 

Աղբյուրը՝ www.hra.am