Նորություններ

Նախկին հրամանատարը չի հիշում, թե ինչու է 11 զինվորներին տույժի ենթարկել

31.10.2012

Նա պնդում է, որ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ ծառայողական քննությունը բանավոր է անցկացրել։

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 30-ի նիստում շարունակվեց զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի հարցաքննությունը:

Շատ հարցերին ի պատասխան Ղազարյանն ասում էր, որ չի հիշում, քանի որ Նազարյանի մահվանից ավելի քան երկու տարի է անցել, իսկ ինքն այն  ժամանակ նոր էր նշանակվել զորամասի հրամանատար և շատ զինվորների դեմքով չէր ճանաչում:

Իսկ «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ հարցին Սեյրան Ղազարյանը պատասխանեց, որ չի հիշում, թե ինչ խախտումներ էին թույլ տվել հենակետի բոլոր զինծառայողները և ինչու է նրանց կարգապահական տույժի ենթարկել: 

Հարց հնչեց նաև, թե ինչո՞ւ չկան կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ ծառայողական քննության նյութերը: Նախկին հրամանատարն ասաց, որ ծառայողական քննությունն ինքը բանավոր է անցկացրել:

Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանը հարցրեց, թե  ինչո՞ւ է Ղազարյանը կարգապահական տույժի հրամանը տվել հուլիսի 28-ին, երբ զինծառայողները ռազմական ոստիկանություն են տարվել Արտակ Նազարյանի մահվան օրը` հուլիսի 27-ին: Գնդապետն ասաց, որ լինում էին օրեր, երբ հրամանագիրքը փակված էր լինում, և հրամանի գրառումները հաջորդ օրն էին արվում:

Հիշեցնենք, որ թե՛ տուժող, թե՛ պաշտպանական կողմը պնդում են, որ զորամասի հրամանատարի կողմից նման կարգապահական տույժեր չեն եղել, Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո 11 զինծառայողներին ռազմական ոստիկանություն են տարել և երկար ժամանակ կալանքի տակ են պահել ապօրինի և զինծառայողները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` գտնվելով ճնշման վիճակում: Նրանք դատարանում միջնորդել են, որ ամբաստանյալների նախաքննական ցուցմունքները համարվեն անթույլատրելի ապացույց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները և պաշտպանական կողմը հոկտեմբերի 30-ին դատարանում հայտարարեցին, որ գնդապետ Սեյրան Ղազարյանի տված ցուցմունքները կեղծ են, և դատարանը չպետք է  դրանք որպես ապացույց ընդունի:

Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատարանում հայտարարեց, որ ինքը միջնորդելու է կեղծ ցուցմունքների համար քրեական պատասխանատվության ենթարկել Սեյրան Ղազարյանին:

Այնուհետև Գևորգյանը միջնորդեց, որպեսզի Արտակ Նազարյանի վերաբերյալ հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն կատարվի: Նախկինում պաշտպանի նույն միջնորդությունը դատավոր Սամվել Մարդանյանը մերժել էր:

Այս անգամ Հրանտ Գևորգյանը միջնորդությունը ներկայացրեց նոր հիմքով: Նրա համոզմամբ` դատական հոգեբան Էլդա Գրինի կատարած դատահոգեբանական փորձաքննությունը ճիշտ չէ, քանի որ նա որպես ելակետային տվյալներ վերցրել է նախաքննության ընթացքում ապօրինի կալանքի տակ պահված զինվորներից կորզված կեղծ ցուցմունքները, թե իբր Արտակ Նազարյանը թույլ սպա է եղել, եղել է հոգեպես ճնշված վիճակում, չի ցանկացել ծառայել և այլն: Մինչդեռ նույն զինվորները դատաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել, որ Նազարյանը ֆիզիկապես թույլ չէր, կարողանում էր պաշտպանել իրեն, զինվորները ենթարկվում էին նրա հրամաններին:

Միջնորդությանը միացան պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Լևոն Պողոսյանը և տուժողի իրավաջորդի ներկայացուցիչները: Սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ իրենք, կողմ լինելով միջնորդությանը, առակություններ ունեն պաշտպանի կողմից դատական հոգեբան-փորձագետին ներկայացվող մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Արտակ Նազարյանի ինքնասպանության պատճառների հետ: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն ու նրա ներկայացուցիչները ևս մեկ անգամ պնդեցին, որ Արտակ Նազարյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են:

Միջնորդության վերաբերյալ տուժող կողմի առարկությունները գրավոր կներկայացվեն դատական հաջորդ նիստին, որը կկայանա նոյեմբերի 7-ին:

Ոսկան Սարգսյան

Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am