Նորություններ

«Խնդրում եմ քրեական գործ հարուցել քննիչի և դատավորի դեմ». իրավապաշտպան

09.11.2012

2010թ. Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած սպա Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը նոյեմբերի 8-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Նա ՀՀ գլխավոր դատախազին խնդրում է քրեական գործ հարուցել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Նազարյանի գործը քննող դատավոր Սամվել Մարդանյանի և քննիչ Լևոն Պետրոսյանի նկատմամբ:

Նա հիշեցնում է, որ Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածի՝ ինքնասպանության հետ համամիտ չէ տուժող կողմը։ Մարտիրոսյանը բերում է մի շարք փաստեր և հիմնավորումներ, որոնք կարող են հիմք դառնալ դատավորի և քննիչի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։

«Քրեական գործով կատարվել է միակողմանի, կեղծ, հանցավոր նախաքննություն, ինչի մասին ես Ձեզ բազմիցս տեղեկացրել եմ: Գործով վկաներ Ռաֆայել Էվոյանը և Սմբատ Սարգսյանը դատարանում հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից և հայտնեցին, որ գործով քննիչ Լևոն Պետրոսյանն իրենցից խաբեությամբ կորզել է կեղծ ցուցմունք: Նրանք ասել են այլ բան, քննիչը գրել է բոլորովին այլ բան, իսկ վերջում քննիչը նրանց չի տրամադրել հարցաքննության արձանագրությունը ընթերցելու համար: Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն»,– գրված է հանցագործության մասին հաղորդման մեջ։

Ռուբեն Մարտիրոսյանը խնդրում է քննիչ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, իսկ դատավոր Մարդանյանի նկատմամբ՝ նախաքննական մարմնի կողմից կատարված հանցագործությունները պարտակելու համար։

Աղբյուրը՝ www.hra.am