Նորություններ

Պարզվել է մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը. հարուցվել է քրեական գործ

13.11.2012

Արարատի մարզի մանկապարտեզներից մեկում 13 երեխայի թունավորման պատճառը սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածությունն է եղել։

Լաբորատոր հետազոտությամբ շրջական միջավայրում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, իսկ որոշ սննդամթերքում՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի մանկապարտեզներից մեկից սննդային թունավորման ախտանիշներով Արարատի հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա: Ներկայումս հիվանդներն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցից:

«Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում: 

Աղբյուրը՝ www.hra.am