Նորություններ

Հարցաքննված դատաբժիշկը հերքեց իր եզրակացության որոշ հատվածները

15.11.2012

2010թ. Տավուշի «Մեհրաբ» զորամասի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացած սպա Արտակ Նազարյանի մահվան գործով նոյեմբերի 14-ի նիստին հարցաքննվեց Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ Վիգեն Ադամյանը։

Մինչ հարցաքննությունը սկսելը նա հայտարարեց, որ Արտակ Նազարյանի դիակի փորձաքննության հիման վրա իր կազմած եզրակացության մեջ կա «տեխնիկական վրիպակ, տպագրական սխալ», և խնդրեց դատարանին այդ հատվածը հաշվի չառնել:

«Խոսքը վերաբերում է «հայտնաբերվել են կրծքավանդակի ձախ կեսի ձախ բազկի շրջանի արյունազեղումներ, ձախ արմնկահոդի ձախ նախաբազկի շրջանի քերծվածքներ» հատվածին: Սա ուղղակի մեխանիկական սխալ է, նման վնասածք չկա ո՛չ նկարագրականում, ո՛չ դեպքի վայրի զննության արձանագրությունում... Տպագրական սխալ է»,– ասաց Ադամյանը:

Մեղադրող Հայկ Հարոյանը հարցրեց, թե ինչո՞ւ է փորձաքննական եզրակացության հավելվածում եղած լուսանկարների թիվը մի դեպքում նշված 19, մյուս դեպքում՝ 16 հատ: Դատաբժիշկը սա ևս համարեց «մեխանիկական սխալ», ասաց, որ իրենք ստացել են Արտակ Նազարյանի վնասվածքների 16 լուսանկար և դրանք առկա են քրեական գործում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ,իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հարցեր ուղղեց Արտակ Նազարյանի վնասվածքների առաջացման վաղեմության մասին: Փորձաքննության եզրակացության մեջ մարմնի վրա եղած վնասվածքները բաժանված են երեք խմբի` «մահից ոչ շատ առաջ», «մահից մինչև մոտ 6 ժամ առաջ» և «մահից 3-5 օր առաջ»: Իրավապաշտպանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում «մահից ոչ շատ առաջ» տերմինը։ Վիգեն Ադամյանը պատասխանեց, որ դա կարող է նշանակել «մահից 3-5 օր առաջ, մոտավորապես»: Նա պատճառաբանեց, թե գոյություն չունի վնասվածքների առաջացման ստույգ ժամանակը որոշելու մեթոդաբանություն, որ իրենք կարող են մի քանի ժամով սխալվել:

Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ վկան ակնհայտ և միտումնավոր կեղծ ցուցունք է տալիս, քանի որ դատական բժշկության վերաբերյալ գիտական գրականության մեջ այդ տերմինը նշանակում է մահվանից րոպեներ առաջ։ 

«Այս ինչ խեղկատակություն է, էս ո՞ւմ եք հիմարի տեղ դնում»,- վրդովվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Դատարանում աղմուկ բարձրացավ: Վիգեն Ադամյանը հայտարարեց, որ նման պայմաններում ինքը չի կարող հարցերին պատասխանել:

Դատավոր  Սամվել Մարդանյանը 10 րոպեով ընդմիջում հայտարարեց, որը տևեց մոտ կես ժամ:

Նիստը վերսկսվելուց հետո դատավորը հրապարակեց դատարանից հեռացած Վիգեն Ադամյանի գրությունն այն մասին, որ ինքը նման պայմաններում ինքը չի կարող պատասխանել հարցերին, սակայն պատրաստակամ է դրանց գրավոր պատասխանել: Դատաբժիշկը հիմնավորել էր, որ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները վիրավորում են իրեն, փորձում ներգրավել «իրենց շոուի մեջ»:

Տուժողի իրավահաջորդը, նրա ներկայացուցիչները, ամբաստանյալների պաշտպանները փորձագետի  հեռանալը համարեցին դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք՝ նշելով, որ այդ կերպ խախտվել է դատավարության կողմերի հավասարության սկզբունքը, քանի որ պաշտպանական կողմը վկային հարցեր տալու հնարավորություն չունեցավ:

Դատավորը բավարարեց փորձագետին կրկին հարցաքննության կանչելու միջնորդությունը և նշեց, որ հաջորդ նիստին մասնակցելու համար նրան ծանուցագիր կուղարկվի:

Այնուհետև միջնորդություն ներակայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Նա նշեց, Արտակ Նազարյանի մահից հետո ամբաստանյալները և գործով վկա հանդես եկող զինվորները (14 հոգի) զորամասի հրամանատար Սեյրան Ղազարյանի կողմից ենթարկվել են կարգապահական տույժի և մեկուսարանում են պահվել ՀՀ կառավարության 12.08.1996թ. թիվ 247 որոշմամբ հաստատված «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության» հիման վրա, մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված է, որ մարդուն ազատությունից կարող են զրկել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Նա միջնորդեց անթույլատրելի ապացույց համարել ապօրինի անազատության մեջ պահված 14 անձանց, ընդհանուր թվով, 32 հարցաքննությունները, լրացուցիչ հարցաքննությունները, ցուցմունքները, առերեսման արձանագրությունները, նաև միջնորդեց զորամասի հրամանատար Ս.Ղազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին:

Միջնորդությունը կքննարկվի դատական հաջորդ նիստին, որը նշանակվեց նոյեմբերի 20-ին:

Ոսկան Սարգսյան

Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am