Նորություններ

Թրաֆիքինգի զոհերը պաշտպանության և ռեսոցիալիզացիայի կարիք ունեն

20.11.2012

Տաթևիկ Բեժանյանը

2008 թվականից մինչ օրս Հայաստանում պաշտոնապես բացահայտվել է մանկական թրաֆիքինգի 8 դեպք, որի արդյունքում տուժել է 11 անչափահաս։ Նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց People in Need կազմակերպության հայաստանյան գրասենյակի թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:

Տուժողներից հինգը 12 տարեկանից բարձր տղաներ են եղել, ովքեր հիմնականում մուրացկանության մեջ են ներքաշվել, իսկ վեցը՝ 15 տարեկանից բարձր աղջիկներ, որոնցից չորսը սեռական շահագործման են ենթարկվել, մեկը՝ աշխատանքային, մյուսը՝ մուրացկանության մեջ է ներգրավվել:

Բեժանյանի ներկայացրած տվյալներով՝ բոլոր անչափահասները ունեցել են ծնողներ, բայց եղել են սոցիալապես անապահով ընտանիքներից և հաճախել են հատուկ հաստատություններ: Դեպքերից երկուսը տեղի են ունեցել արտերկրում, իսկ մյուսները՝ Հայաստանում։ Չորս գործով առկա է դատարանի վճիռ, 3–ը գտնվում է դատաքննության, իսկ մեկը՝ նախաքննության փուլում:

«Ցավոք սրտի, թրաֆիքինգի զոհերի նկատմամբ դեռևս մեր հասարակությունը մեղադրողական դիրքորոշում ունի։ Այսինքն՝ մեզ համար թրաֆիքինգի զոհերն են մեղավոր, որ դարձել են թրաֆիքինգի զոհ»,– նշեց Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ խնդիր կա կարծրատիպերի, պիտակների դեմ պայքարելու և զոհերին հասարակություն վերադարձնելու, հակառակ դեպքում մենք թրաֆիքինգի զոհերին ռիսկի ենք ենթարկում կրկին անգամ զոհ դառնալու։

«Թրաֆիքինգի զոհերն ունեն պաշտպանության կարիք, և հետագայում վերականգման և վերաինտեգրման կարիք, անչափահասները՝ հատկապես»,– ընդգծեց թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավարը։

Իսկ թրաֆիքինգի զոհերի հոգեբան Մարիամ Մեհրաբյանը հավելեց, որ թրաֆիքյոր դառնում են նախկինում ծեծված, լքված երեխաները. «Այսօրվա զոհը կարող է դառնալ վաղվա թրաֆիքյորը, եթե ճիշտ ռեսոցիալիզացիայի չենթարկվի»։

Բեժանյանը հիշեցրեց, որ սովորական մուրացկանությունը, երբ երեխան իր նախաձեռնությամբ փորձում է գումար աշխատել, թրաֆիքինգ չէ։ Թրաֆիքինգի դեպքում առկա է շահագործող, ով հարկադրանքի, սպառնալիքի միջոցով կամ զոհի խոցելի վիճակից օգտվելով ցանկանում է շահ ստանալ կամ գումար աշխատել։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am