Նորություններ

Հաշմանդամ երեխաների ներառման և ցերեկային ծառայությունների ստեղծման խնդիր ունենք

03.12.2012

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են մնալ հասարակության ամենախոցելի և մեկուսացված խմբերից մեկը՝ ենթարկվելով բազմաթիվ անհավասարությունների կրթության, ընտանեկան խնամքի, ներառման և մասնակցության հասանելիության հարցում»,– Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, «Նովոստի» մամուլի ակումբում նշեց ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 8150 հաշմանդամություն ունեցող երեխա, որը կազմում է հանրապետության երեխաների ընդհանուր թվի մեկ տոկոսը, սակայն կամ երեխաներ, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ և նրանք սոցիալական պաշտպանության համակարգից դուրս են։

UNICEF-ի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների  81 տոկոսը որևէ սոցիալական ծառայություն, բացի 18.200 դրամ կազմող հաշմանդամության թոշակից, չի ստանում։ Նրանց 18 տոկոսն ընդհանրապես դպրոց չի հաճախում, իսկ 16 տոկոսն ապրում և սովորում է մանկատանը կամ հատուկ դպրոցում։

Իսկ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2012» զեկույցի տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն ապրում է աղքատության մեջ՝ օրական 1200 դրամով, իսկ 8 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ վիճակում՝ օրական 800 դրամից քիչ գումարով։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն ընդունում է, որ պետությունը դեռ շատ անելիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում, և «Խոսքը ներառման մասին է» զեկույցը կօգնի հասկանալու իրական կարիքները և դրանց հիման վրա կառուցելու ճիշտ քաղաքականություն։

 «Լուրջ խնդիրներ ունենք մատչելիության ապահովման, համայնքային ծառայությունների ստեղծման հարցում»,– ասում է փոխնախարարը։ Մատչելիության ապահովման ուղղությամբ թեև քայլեր արվում են, բայց դրանց տեմպերը, նրա կարծիքով, բավարար չեն։ Մյուս խնդիրը մանկատները, գիշերօթիկ և հատուկ դպրոցները բեռնաթափելն է, որի համար անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային համայնքային ծառայություններ։

«Տավուշի մարզում գործում են ցերեկային խնամքի 4 կենտրոններ։ Երեխաները այնտեղ անհատական կարիքների հիման վրա ստանում են անհրաժեշտ ծառայություններ, ծնողները կարողանում են աշխատել, և փորձը ցույց է տալիս, որ այդ տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող հոսքը մանկատներ նվազում է»,– նշում է Բաղդասարյանը՝ հավելելով, որ համայնքային ծառայությունների թիվը պետք է շատանա, և այս հարցում պետությունն ակնկալում են միջազգային կազմակերպությունների աջակցությունը։

Նոյեմբերի 30-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարությանն է ներկայացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի նախագիծը, որը բխում է Հաշմանդամություն ունեցող անձանց ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներից։

Նոր օրենքը կնպաստի ներառական կրթության մոդելի զարգացմանը, որն արդեն ներդրվել է Հայաստանում։

«Մենք այսօր արդեն ունենք 2400 երեխա, ովքեր կրթություն են ստանում սովորական հանրակրթական դպրոցում, և մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող երեխան պետք է սովորի հատուկ դպրոցում»,– ասում է Բաղդասարյանը։

Փոխնախարարի խոսքերով՝ մեր պետությունը որդեգրել է հաշմանդամության սոցիալական ներառման մոտեցում։

«Մենք քայլ առ քայլ գնում ենք նրան, որ հաշմանդամություն ունեցող մարդը, երեխան ներառվի հասարակություն, ճիշտ գնահատվի նրա կարիքները, անհատական մոտեցումներ ցուցաբերվեն բոլոր ծառայությունները տրամադրելիս»,– նշում է Ջեմմա Բաղդասարյանը։ 

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am