Նորություններ

Դատաբժիշկը կրկին պնդել է, որ իր եզրակացության մի հատվածը «վրիպակ է»

06.12.2012

Վիգեն Ադամյանը ցուցմունք է տալիս, 15.11.2012թ. նիստ

Արտակ  Նազարյանի մահվան գործով դատավարության դեկտեմբերի 5-ի նիստը կայացել է դռնփակ։ Նիստում հարցաքննվել է Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ Վիգեն Ադամյանը։ Նա նոյեմբերի 15-ին ցուցմունք տալուց և իր եզրակացության մի մասը հերքելուց հետո դատարանից աննկատ հեռացել էր՝ հրաժարվելով կողմերի հարցերին բանավոր պատասխանելուց։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն  Մարտիրոսյանից տեղեկացանք, որ դատաբժիշկը ևս մեկ անգամ պնդել է, որ իր տված դատաբժշկական եզրակացությունից պետք է հանել «հայտնաբերվել են կրծքավանդակի ձախ կեսի ձախ բազկի շրջանի արյունազեղումներ, ձախ արմնկահոդի ձախ նախաբազկի շրջանի քերծվածքներ» հատվածը։

Նա պատճառաբանել է, որ դա տեխնիկական վրիպակ է և Նազարյանի դիակի վրա նման վնասվածք չի եղել։ Իրավապաշտպան էլ հայտարարել է, որ ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի` փորձագետը չի կարող նման պահանջ ներկայացնել:

Պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների հարցերին` դատաբժիշկ Ադամյանը հայտարարել  է, որ  իր տված փորձաքննական եզրակացության մեջ գրված «մահվանից ոչ  շատ առաջ» արտահայտությունը կարող է նաև նշանակել մահվանից 3-5 օր առաջ: Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին ներկայացրել է ռուս դատաբժիշկ, դատաբժշկական կենտրոնի տնօրեն Կորոլյովի պարզաբանումը, ըստ որի՝ «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը նշանակում է մահից վայրկյաններ կամ մահից մինչև կես ժամ առաջ:

Դատավոր Սամվել Մարդանյանը Կորոլյովի մեկնաբանությունը չի կցել գործին՝ ասելով, որ դա իր համար պատշաճ փաստաթուղթ չէ:

Դատարանում իրավապաշտպանը հիշեցրել է, որ վկա Արման Մնացականյանի ցուցմունքի համաձայն՝ Արտակ Նազարյանը մահվանից մոտ 30-40 րոպե առաջ սնվել է։ Իրավապաշտպանը վկա փորձագետին հարց է տվել, թե հնարավո՞ր է դա այն դեպքում, երբ ըստ դատաբժշկական եզրակացության՝ Նազարյանի ստամոքսը դատարկ է եղել: Փորձագետն ասել է, որ նման բան հնարավոր չէ: Իրավապաշտպանը միջնորդել է քրեական գործ հարուցել Արման Մնացականյանի դեմ՝ ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար:

Տուժողի իրավաջորդները և պաշտպանական կողմը դռնփակ նիստում 10 միջնորդություն են ներկայացրել: Դատավորը դրանցից երկուսը մերժել է, իսկ 8-ի վերաբերյալ որոշել է դրանց անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ դատական վերջնական ակտ կայացնելու ժամանակ:

Ա. Նազարյանի մահվան գործով դատավարության հաջորդ նիստը կկայանա  դեկտեմբերի 11-ին:

Ոսկան Սարգսյան

Իջևան 

Աղբյուրը՝ www.hra.am