Նորություններ

Մեղադրվում է դատախազի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ

14.12.2012

Ստեփան Հովակիմյանը

«Մոսկվա» կինոթատրոնի գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս)։ Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 26-ին Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ժամանակ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը , վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է նետել մեղադրանքը պաշտպանող դատախազ Սամվել Հարությունյանի ուղղությամբ, որը կանխվել է դատական կարգադրիչների կողմից, սակայն Ս.Հովակիմյանը ոտքով հարվածել է դատախազի կոնքին՝ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով։

Դեպքը տեղի է ունեցել քրեական գործի համար շրջադարձային նշանակություն ունեցած որոշումից հետո, երբ դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց մյուս ամբաստանյալի պաշտպանների՝ դատաքննությունը վերսկսելու և լրացուցիչ հարցաքննություն կատարելու միջնորդությունը։ Դատարանի որոշումը լսելուց հետո Ստեփան Հովակիմյանն ինքնատիրապետումը կորցրեց և ինքնավնասման փորձ արեց։

Դեպքից հետո Հովակիմյանի դեմ նոր քրեական գործ հարուցվեց, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանը «Մոսկվա» կինոթատրոնի գործով ինքնաբացարկ հայտնեց։

Հավելենք, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ 300 հազարից 500 հազար դրամ, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։   

Աղբյուրը՝ www.hra.am