Նորություններ

Հատուկ դպրոցների մշտադիտարկման խումբը հաշվետվություն հրապարակեց

19.12.2012

Լուսանկարը՝ www.hra.am–ի

2012 թ. դեկտեմբերի 12-ին Երևանում ներկայացվեց ՀՀ ԿԳՆ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի՝ 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում կատարած այցելությունների մասին հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ դիտորդական խումբը ստեղծվել է 2009 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, որի նպատակն է հասարակական վերահսկողության միջոցով ապահովել երեխայի իրավունքների պաշտպանությունը, բացահայտել առկա խախտումները և հաստատությունների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ մշակել:

Հատուկ վերապատրաստում անցած դիտորդները պարբերական այցելությունների ընթացքում հայտնաբերել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության և խտրական վերաբերմունքի դեպքեր, շենքային վատ պայմաններ, երեխաների ազատ ժամանցի, անձնական հիգիենայի, սննդի, հաստատություն-ընտանիք փոխադարձ կապի կազմակերպման ոչ բավարար մակարդակ, երեխաների անձնական փաստաթղթերի և անհատական ուսուցման պլանների վարման հետ կապված խնդիրներ:

Մշտադիտարկման ընթացքում արձանագրված խախտումները կամ թերություններն առանձին ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ իրավիճակի շտկմանն ուղղված համապատասխան առաջարկություններով: Տնօրենների պնդմամբ՝ արդյունքում հաջողվել է լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ապահովել դպրոցների ջեռուցումը:

Դիտորդներն արձանագրել են դեպքեր, երբ հատուկ դպրոցներ ընդունվել են երեխաներ, ովքեր ոչ թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն, այլ՝ սոցիալական խնդիրներ, ինչը սահմանափակում է հատուկ կարիքներով երեխաների կրթության իրավունքը:

Խմբի դիտորդները մտահոգություն հայտնեցին այն փաստի առիթով, որ երեխաների անհատական ուսումնական պլանները, որոնք լրացվում են մասնագետների կողմից, չեն արտացոլում երեխաների իրական կարիքները և, որ ամենակարևորն է, աշխատանքի արդյունքում գրանցված առաջընթացը: Արդյունքում, մակերեսային մոտեցում է ցուցաբերվում երեխաների ուսուցման և խնամքի անհատական կարիքների նկատմամբ, և մատուցվում են ցածրակարգ սոցիալ-հոգեբանական ծառայություններ ոչ փորձառու մասնագետների կողմից:

Հաշվետվությունը ներկայացնելիս մշտադիտարկման խմբի նախկին նախագահը՝ Արտակ Կիրակոսյանը, ընդգծեց, որ հարկավոր է հատուկ դպրոցների ֆինանսավորման ներկա մեխանիզմը վերանայել: Հատուկ դպրոցների արդյունավետությունը բարձրացնելու համար Կիրակոսյանն առաջարկեց հատուկ դպրոցները վերածել մասնագիտացված ծառայություններ մատուցող կենտրոնների։ Նրա խոսքերով՝ երեխաների կրթության առանձնահատուկ կարիքները գնահատող ԿԳՆ Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը երեխային որոշակի ժամկետով պետք է ուղղորդի իր կարիքներին համապատասխանող կենտրոն, որտեղ նա կստանա հատուկ ծառայություններ (դասագրքեր, աջակցող պարագաներ, դասասենյակների հարմարեցում և այլն): Արտակ Կիրակոսյանը շատ է կարևորում գնահատման կենտրոնի և երեխայի միջև հետադարձ կապի ապահովումը, որպեսզի հնարավոր լինի կրկին գնահատել կարիքները և առաջարկված ծրագրի արդյունավետությունը:

Հաշվետվության ներկայացմանը մասնակցող հաստատությունների ներկայացուցիչների մի մասն էլ մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում օրենսդրորեն ձևակերպված չէ «բռնություն» հասկացությունը, ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Առաջարկություն եղավ ձևակերպել, թե ինչ է բռնությունը և այդ թեմայով վերապատրաստումներ կազմակերպել ուսուցիչների համար:

Աննա Մելիքյան

Աղբյուրը՝ www.hra.am