Նորություններ

«Ծեծող ոստիկանը տկարամիտ է ու մսագործ». ոստիկանապետ

21.12.2012

«Մենք միասին պայմանավորվել ենք, որ ծեծով, ջարդով բացահայտումներ չեն լինում։ Երբ ուժ ես կիրառում հանցագործությունը բացահայտելու համար, ուրեմն անխելք ես, երբ ուժ ես կիրառում, ուրեմն տկարամիտ ես և միտքդ չի աշխատում, դու մասնագետ չես, ուղղակի մսագործ ես։ Ցավոք սրտի, մենք դեռ ունենք նման երևույթներ»,– դեկտեմբերի 18-ին Ոստիկանությունում կայացած նիստում ասել է ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։

Նիստը վերաբերում էր 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքին, սակայն ոստիկանապետը հարկ է համարել անդրադառնալ նաև համակարգում առկա մի շարք հրատապ խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենում հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման հարցում:

«Եթե հանցագործությունը ծեծով պետք է բացահայտվի, թող չբացահայտվի։ Մսագործությունը, ծեծը, ջարդը կատեգորիկ արգելել է պետք համակարգում։ Ուժով ցուցմունք կորզելն իրեն չարդարացնող և մարդկային ոչինչ չպարունակող երևույթ է»,– հավելել է Վլադիմիր Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում ներկայումս քննվում է մի քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանի։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի և 314 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և պաշտոնեական կեղծիքը։

Ըստ գործի նյութերի՝ Բախբուդարյանը և Բարսեղյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկելու մի քաղաքացու՝ առանց արձանագրություն կազմելու և  համապատասխան գրանցում կատարելու, աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Օպերլիազորները կալանավորված են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել դեկտեմբերի 18-ին։

Աղբյուրը՝ www.hra.am