Նորություններ

Բնակարանային յուրացումների մեջ մեղադրվող կառուցապատողը ձերբակալվել է

18.01.2013

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 16-ի, լույս 17-ի գիշերը, ժամը 00.05-ին, Հանրապետության փողոցի 76/2 հասցեից բերման են ենթարկել հայտնին կառուցապատող Վլադիսլավ Մանգասարյանին, ով հետախուզման մեջ էր խարդախության մեղադրանքով:

1955թ. ծնված Վլադիսլավ Մանգասարյանը այն նույն անձն է, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարներ յուրացնելու մեջ:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից www.hra.am –ին հայտնում են, որ քրեական գործը, որի շրջանակներում Մանգասարյանը ձերբակալվել է, հարուցվել էր դեռ անցյալ տարվա հուլիսի 13-ին, քաղաքացի Արտաշես Շահբազյանի հաղորդման հիման վրա, Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ գործի նյութերի՝ Մանգասարյանը, Շահբազյանի վստահությունը չարաշահելով, խաբեությամբ տիրացել է Երևանի Դավիթաշեն թաղամասում գտնվող նրա երկու բնակարաններին:

Գործի հարուցումից վեց ամիս անց՝ այս տարվա հունվարի 12-ին, գործի վարույթը կասեցվել էր՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Նույն օրը Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հունվարի 17-ին Մանգասարյանի գտնվելու վայրը պարզվել է, նա բերման է ենթարկվել, գործի վարույթը վերսկսվել է։ Նախաքննությունը վարում է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:

«Մանգասարյանը սնանկության միջոցով կողոպուտ կազմակերպելու հմուտ մասնագետ է: Ինքը՝ սնանկ, իր ընկերությունները՝ սնանկ, բայց միլիոնավոր դոլարների հասնող գործարքներ է իրականացրել, և կառավարությունն ու հարկային մարմինները դա «չեն նկատել»: Նա ունի իր թիկունքում հովանավորներ և սրան զուգահեռ հարյուրավոր խաբված քաղաքացիներ»,- ասում է փաստաբան, ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը, ով սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործի շրջանակներում պայքարում է Մանգասարյանի ապօրինությունները բացահայտելու համար:

Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբոր`Ռուբեն Մանգասարյանի անունը շաղկապվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող մի քրեական գործի հետ ևս։ Խոսքը «Արին կապիտալ» ընկերության շենքերից մեկում բնակարան ստանալու համար վճարած, բայց բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործի մասին է: Նրա գնած բնակարանը հանձնվել է կեղծ գնորդ Ռուբեն Մանգասարյանին: Քաղաքացի Գյուլխասյանի ճակատագրին են արժանացել այլ խաբված գնորդներ ևս։

Վլադիսլավ Մանգասարյանի անունը շոշափվում էր 2012թ. նոյեմբերին հարուցված քրեական գործի շրջանակներում։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց դիմած երկու քաղաքացիներ հայտարարել էին, որ իրենց ծեծի են ենթարկել հայր և որդի՝ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանները: Քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի «Ծեծ» և «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք» հոդվածների հատկանիշներով, բայց 2 ամիս չանցած՝ դեկտեմբերի 27-ին, գործի վարույթը կարճվել էր՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով:

ԶԼՄ–ները շշուկներ տարածեցին, թե Մանգասարյանների և երկու քաղաքացիների միջև ծագած վիճաբանությունը կապված է բնակարանային առքուվաճառքի խաբեությունների հետ:

Հեղինակը՝ Գայանե Առաքելյան
Աղբյուրը՝ www.hra.am