Նորություններ

Հովակիմյանի նկատմամբ կալանավորման որոշում կիրառվեց

26.01.2013

Ստեփան Հովակիմյանը

Հունվարի 25–ին Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Արշակ Վարդանյան) շարունակվեց «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հովակիմյանի գործով դատավարությունը։ Հովակիմյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով:

Նախաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 26-ին Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ժամանակ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է նետել մեղադրանքը պաշտպանող դատախազ Սամվել Հարությունյանի ուղղությամբ, որը կանխվել է դատական կարգադրիչների կողմից, սակայն Ս.Հովակիմյանը ոտքով հարվածել է դատախազի կոնքին՝ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով: Միջադեպը տեղի է ունեցել 2012թ. հուլիսի 27-ին՝ քրեական գործի համար շրջադարձային նշանակություն ունեցած որոշումից հետո, որը լսելով Հովակիմյանը ինքնատիրապետումը կորցրեց և ինքնավնասման փորձ արեց։

Հունվարի 25-ի նիստին հարցաքննվեցին գործով վկաներ` Հովակիմյանին միջադեպի օրը ՔԿՀ–ից դատարան ուղեկցող ոստիկան Գևորգ Սարգսյանը, դատական կարգադրիչ Ռաֆայել Ստեփանյանը և տուժողը՝ դատախազ Սամվել Հարությունյանը: Մյուս ոստիկանը, ով նույնպես պիտի վկայություն տար, Հայաստանից տեղափոխվել է։

Ոստիկանը պատմեց, որ Հովակիմյանին մի քանի անգամ ուղեկցել է դատարան, և նա միշտ նորմալ, օրինապահ վարքագիծ է դրսևորել։ Միջադեպի օրը Հովակիմյանին խուզարկել է և նրա մոտ ոչինչ չի հայտնաբերել։ «Նիստի ժամանակ միջնորդություն արվեց մյուս ամբաստանյալի պաշտպանի կողմից, որին դատախազը չառարկեց։ Դա կտրուկ փոխեց Ստեփան Հովակիմյանի վիճակը։ Նա ձեռքերը իջեցրեց ներքև՝ սեղանի տակ։ Այդ ժամանակ նկատեցի արյան հետքեր։ Վազեցի դեպի Ստեփան Հովակիմյանը...Կարգադրիչների հետ համատեղ ջանքերով Հովակիմյանին հանգստացրեցինք»,– կարճ պատմեց վկան։ Դրանից հետո, հարցերին պատասխանելով, Գևորգ Սարգսյանը մանրամասնեց, որ Հովակիմյանը ագրեսիվ էր դարձել, չէր ենթարկվում ոչ մեկին, ինչ–որ բաներ էր ասում, իրեն պահող մարդկանց էր քաշում, իր դիմացի սեղանից բարձրախոսը վերցրել էր և թափահարում էր՝ «երևի ուզում էր հարվածել»։ Բայց վկան ասաց, որ ամբաստանյալը թափահարում էր ոտքը, բայց չի հիշում և չի տեսել՝ ամբաստանյալը հարվածե՞լ է դատախազին, թե՞ ոչ։

Կենտրոն դատարանի դատական կարգադրիչ Ռաֆայել Ստեփանյանն էլ ասաց, որ նիստը սկսվելուց քիչ անց ամբաստանյալ Հովակիմյանի պաշտպանը «բացականչեց, որ իր պաշտպանյալը վնասել է իրեն»։ Իսկ երբ փորձում էին Հովակիմյանին հանգստացնել, նրա ձեռքից խոսափողը վերցնել, Ստեփանը ոտքով հարվածել է դահլիճից դուրս գնացող դատախազին։ Վկայի կարծիքով՝ ամբաստանյալի հոգեվիճակը նորմալ չէր։

Գործով տուժող, դատախազ Սամվել Հարությունյանը դատարանում հարցաքննվելիս ասաց, որ ինքը նստած էր իր տեղում և հետևում էր ամբողջ իրադարձությանը և մանրամասն տիրապետում է բոլոր հանգամանքներին։

«Դատավարության ավարտին պաշտպանական կողմի մոտ, այսպես ասած, ճաք էր տվել։ Վահրամ Քերոբյանը նոր երկու պաշտպան էր հրավիրել, որոնք անընդհատ նկատվում էր, որ ինչ–որ բան են ուզում ասել, ինչ–որ բան էն չի։ Միջնորդեցին, որ Քերոբյանի մայրը լրացուցիչ հարցաքննվի, ես չառարկեցի։ Իսկ մյուս ամբաստանյալը՝ Ստեփան Հովակիմյանը (ես ուշադիր նայում էի նրան) հեչ չէր ուզում, որ Վահրամի մայրը ցուցմունք տա։ Երբ որ բավարարվեց միջնորդությունը, ամբաստանյալը իրեն վնասեց, մոտեցան կարգադրիչները, ոստիկանները, իմ հիշելով՝ մի ութ հոգի նրան չէին կարողանում կարգի հրավիրել, մյուս կողմից մի կին վատացել էր։ Մի խոսքով՝ տհաճ իրավիճակ էր»,– միջադեպի մասին այսպես պատմեց դատախազը։ Նա հավելեց, որ Հովակիմյանը ամբիոնից վերցրել էր բարձրախոսը և ուզում էր իրեն հարվածել, բայց չգիտի՝ ինչի համար։ Իսկ երբ հասել է ամբիոնի մոտ, ոտքով հարվածել է իրեն։

Դատախազը ենթադրում է, որ եթե միջնորդությանը առարկեր, գուցե Հովակիմյանն այդ քայլին չդիմեր։ «Ես բողոք չունեմ։ Ուղղակի երիտասարդ է, ինքը չի պատկերացնում, թե ինչ է մեղադրողը և ինչ կարգավիճակում է։ Իր մոտ էնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ ես իր պապենական թշնամին եմ... Պատկերացրեք՝ մարդ երկու տարի շարունակ լրատվամիջոցներով, ինտերնետով պայքարել է, բոլորին համոզել է, որ ինքն անմեղ է և հանկարծ ամեն ինչ պիտի բացահայտվի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մարդ ինչ հոգեվիճակում կլինի։ Ինքը շատ վատ էր զգում, անկառավարելի մարդ էր դարձել, չէր էլ հասկանում, թե ինչ է անում։ Հարվածից ոչ մի բան էլ չեղավ, բայց ինքը չպիտի հանդգներ նման բան անել»,- հավելեց տուժողը։

Ստեփան Հովակիմյանը հարցաքննվող տուժողին հարցրեց՝ արդյո՞ք նա պատասխան հարված տվել է թե ոչ։ Դատախազը բացառեց, թեև միջադեպից հետո խոսակցություն է եղել դատախազի և Հովակիմյանի հոր միջև, որի ժամանակ դատախազն ասել է՝ «լավ եմ արել, խփել եմ, ի՞նչ տղա ես դաստիարակել»։

Հարցաքննությունների ավարտից հետո մեղադրող Ջոն Ֆարխոյանը միջնորդություն ներկայացրեց՝ Հովակիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նա միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ շուտով լրանում է ամբաստանյալի ազատազրկման ժամկետը և նա, ազատության մեջ գտնվելով, կարող է թաքնվել, խոչընդոտել դատական քննությունը կամ խուսափել պատժի կրումից։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին լրանում էր Հովակիմյանի ազատազրկման 3 տարին և նա պետք է ազատ արձակվեր։ Դատարանը բավարարեց դատախազի միջնրորդությունը, ինչը նշանակում է, որ ևս երկու ամիս Ստեփան Հովակիմյանը կպահվի անազատության մեջ: Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 15-ին, ժամը 12:30-ին:

Աղբյուրը՝ www.hra.am