Նորություններ

Եվրադատարանը հրապարակել է տարեկան զեկույցը

29.01.2013

2012 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի հանրապետության դեմ կայացրել է 16 վճիռ։ Ընդհանուր առմամբ, ՀՀ դեմ կայացված վճիռների թիվը 46 է՝ 560.000 եվրոյից ավելի փոխհատուցման պահանջով։

Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է 2012թ տարեկան զեկույցը, որով ամփոփել է դատարան ընդունված բողոքների և քննված գործերի վիճակագրությունը։

Ընդհանուր առմամբ, 2012–ին դատարանի կողմից ընդունված բողոքների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել, սակայն ավելացել է վարույթ չընդունված բողոքների թիվը, որի հետևանքով դատարանի քննությանը սպասող գործերի ընդհանուր թիվը նվազել է 16%–ով՝ 151.600–ից հասնելով 128.100–ի։

Դրանցից 7-ն ընդունվել է վարույթ, իսկ 53–ի վերաբերյալ ՀՀ կառավարությանը հարցումներ են ուղարկվել։

Միայն 2012թ. ընթացքում Հայաստանից Եվրադատարան է ներկայացվել 238 բողոք 3274 անձի կողմից, որը վերջին չորս տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։  Անցած տարվա ընթացքում Հայաստանի վերաբերյալ կայացվել է 16 վճիռ, որոնցում դատարանը գտել է ամենաքիչը մեկ իրավունքի խախտում։ Այլ կերպ ասած՝ 2012թ. քննված որևէ գործով ՀՀ կառավարությունը չի կարողացել ապացուցել վիճարկվող իրավունքի խախտման բացակայություն։

Բացի այդ, ևս 2 գործի կապակցությամբ ՀՀ կատարել է միակողմանի հայտարարություն՝ ընդունելով իրավունքի խախտման առկայությունը, որի հիման վրա տվյալ գործերը համարվել են փակված։

2012-ին ՀՀ դեմ կայացված վճիռները հիմնականում վերաբերել են անձի ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության և սեփականության իրավունքներին, մտքի, խղճի և կրոնի ազատությանը։

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո՝ մինչ օրս ՄԻԵԴ–ը Հայաստանի վերաբերյալ կայացրել է 46 վճիռ՝ 560.000 եվրոյից ավելի փոխհատուցման պահանջով։ Դա դիմումատուների պահանջած գումարի ընդամենը 3.5 տոկոսն է։  ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած տվյալներով՝ կառավարությունն արդեն մոտ 400.000 եվրոյի փոխհատուցում է տրամադրել։

Հավելենք, որ ՄԻԵԴ-ում գտնվող գործերի քանակով առաջատար են Ռուսաստանի Դաշնությունը (28.593 գործ), Իտալիան (14.188 գործ) և Թուրքիան (16.879 գործ)։ Բողոք ներկայացնելու ակտիվության տեսանկյունից, յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվով 2012–ին ամենաբարձր ցուցանիշը գրանցել են Սերբիան, Լիխտենշտեյնը, Խորվաթիան և Ռումինիան։ Իսկ Հայաստանը 23–րդ տեղում է։ 

Անի Վարդանյան

Աղբյուրը՝ www.hra.am