Նորություններ

Քվեարկության ընթացքը և խախտումները կլուսաբանվեն www.hra.am կայքում

15.02.2013

Փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների օրը, Մարդու իրավունքները Հայաստանում (hra.am) կայքում 080-080-804 թեժ գծի միջոցով ստացված ահազանգերի մասին կտեղադրվի օպերատիվ և անընդհատ թարմացվող տեղեկատվություն։

Հայաստանի նախագահի ընտրություններին ընդառաջ՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ–ն, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLLI) հետ համագործակցությամբ իրականացնելու է «Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը, որի նպատակն է իրավական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը։

Նախաձեռնության շրջանակում գործում է 080-080-804 թեժ գիծը, որով անվճար խորհրդատվություն է տրամադրվում ընտրություններին առնչվող ցանկացած հարցով։

Փետրվարի 18-ին՝ քվեարկության օրը, թեժ գծով ստացված ահազանգերի հիման վրա «իրավական շտապ օգնության» 30 մեքենաները (կազմը՝ լրագրող, դիտորդ և փաստաբան) կմեկնեն դեպքի վայր՝ անհրաժեշտ իրավական խորհրդատվություն տրամադրելու, ինչպես նաև հնարավոր խախտումները լուսաբանելու նպատակով։

Հավելենք, որ «Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը քաղաքականապես չեզոք է և պատրաստ է հավասարապես աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված ցանկացած անձի, ում իրավունքները խախտվել են։

Այս իրավական նախաձեռնությունը իրականացվում է բոլոր համապետական ընտրությունների ժամանակ՝ սկսած 2007թ. խորհրդարանական ընտրություններից։

«Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությանն աջակցում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն։

Աղբյուրը՝ www.hra.am