Նորություններ

Հարուցվել է երկու քրեական գործ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հիմքով

25.02.2013

ՀՀ Նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 18-ին, ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում դատախազությունն արձանագրել է լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու 5 ահազանգ, որոնք ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ` նյութեր նախապատրաստելու համար:

Դատախազության հաղորդած տվյալներով` մեկ դեպքով ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը, երկու դեպքով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, երկու դեպքով նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ փետրվարի 22-ին հարուցվել են քրեական գործեր:

Հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է փետրվարի 18-ին Արարատի մարզի թիվ 17/05 ընտրատեղամասում Ա.Համբարձումյանի և դիտորդ Ն. Իսմաիլիի նկատմամբ բռնություն գործադրելու և քվեատուփի մեջ լցոնում կատարելու ահազանգին: ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Փետրվարի 22-ին ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ և 153-րդ հոդվածների հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար:

Մյուս քրեական գործը հարուցվել է «1in.am» կայքի լրագրող Մարինե Խառատյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի առիթով։ Նրանք հաղորդել են, որ ենթարկվել են հարձակման. խլել են նրանց տեսախցիկը և հայհոյել:

Ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Փետրվարի 22-ին ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

Լրագրողների հետ վիճաբանած անձանց ինքնությունը դեռ պարզված չէ։ Նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը՝ www.hra.am