Նորություններ

Հարուցվել է քրեական գործ` ընտրակաշառք տալու դեպքի առթիվ

27.02.2013

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն համայնքի ղեկավար Սամվել Մանուչարյանը 2013թ. փետրվարի 17-ին գյուղապետարանում իրեն որպես ընտրակաշառք է տվել 5000 դրամ գումար` փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154²-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Հավելենք, որ ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում ԶԼՄ–ների հրապարակումների հիման վրա փետրվարի 27-ի դրությամբ հարուցվել է 11 քրեական գործ:

Աղբյուրը՝ www.hra.am