Նորություններ

Ընտրություններ 2013. քրեական գործերի շրջանակում կան կալանավորված անձինք

02.03.2013

Դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԱ ոստիկանության Շենգավիթի բաժնում ավարտվել է Նախագահի ընտրությունների օրը 12/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Փետրվարի 28-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Նախաքննությամբ պարզվել է, որ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը և 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ.Մովսիսյանն իրենց ընտրատեղամասերում քվեարկելուց հետո, փորձել են քվեարկել նաև թիվ 12/16 ընտրատեղամասում:

Ռ.Ղազարյանը, ով հանդիսանում է 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին գրանցել է և թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար, իսկ Ռ.Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում (քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը) արձանագրված միջադեպերի և ընտրախախտումների վերաբերյալ 27.02.2013թ. դրությամբ իրավապահ մարմինները գրանցել են 226 հաղորդում:

Դրանցից 11–ի առիթով հարուցվել է քրեական գործ։ Մեղադրանքներ են առաջադրվել 7 անձանց, որոնցից 2-ը գտնվում են նախնական կալանքի տակ:

160 դեպքով մերժվել է քրեական գործի հարուցումը, քանի որ հիմնավորվել է, որ հանցագործության մասին հաղորդումները իրականությանը չեն համապատասխանել։

Աղբյուրը՝ www.hra.am