Նորություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ–ից պահանջում է ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչել

04.03.2013

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 4-ին դիմել է Սահմանադրական դատարան։ Նա պահանջում է անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը և ամրագրել «ընտրությունների իրական արդյունքները»:

Դիմումը ՍԴ են ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

«Մենք գտնում ենք, որ իրավական հիմքեր կան, մնացածը՝ դատարանը կորոշի։ Մենք բազմաթիվ հիմքեր ենք ներկայացրել՝ 16 էջի վրա փաստարկված է այդ ամենը»,– դատարանի առջև լրագրողներին է ասել Մեժլումյանը։

Իսկ Հովսեփ Խուրշուդյանը հավելել է, որ իրավական պայքարը ընթանալու է քաղաքական պայքարին զուգահեռ, և սա հնարավորություն է Սահմանադրական դատարանի անդամների համար «նախորդ՝ կեղծված ընտրությունների լեգիտիմացման ստվերն իրենց վրայից մաքրելու համար»։

Օրենքի համաձայն ՝ ՍԴ–ն դիմումը պետք է քննարկի և որոշում կայացնի դիմումն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում:

Աղբյուրը՝ www.hra.am