Նորություններ

ՍԴ–ն մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները

14.03.2013

ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 14-ին մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները, որով նրանք պահանջում էին փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել։

Դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը, ըստ որի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հավաքելով ընտրողների ձայների 58 տոկոսը, վերընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։

ՍԴ-ն անվավեր ճանաչեց Արտաշատի թիվ 17/05 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները և հանձնարարեց համապատասխան նյութեր ուղարկել դատախազություն:

Որոշման մեջ նշվում է, որ «Ժառանգությունը» ներկայացուցիչներ է ունեցել 1884 ընտրատեղամասերում, Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է 1009 վստահված անձ։

Բոլոր տեղամասերում կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրել են արձանագրությունների տակ: 1988 ընտրատեղամասերից միայն մեկում է «Ժառանգության» ներկայացուցիչը հատուկ կարծիք ներկայացրել, որը ներառվել է արձանագրության մեջ։

Դատարանը գտնում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել վերահսկել ընտրությունների ընթացքը, սակայն նրանք չեն օգտվել ժամկետների մեջ բողոքներ ներկայացնելու հնարավորությունից:

ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ՍԴ որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ 2008-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն նույնպես Սահմանադրական դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները և նորից մերժվել էր։

Նշենք, որ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը Սահմանադրական դատարան էին դիմել մարտի 4-ին` վիճարկելով «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: Դիմումների քննարկումը սկսվել է մարտի 11-ին և տևել 3 օր: Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում էին փաստաբան Կարեն Մեժլումյանը և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ Անդրիաս Ղուկասյանն ինքն էր ներկայացնում իր դիմումը: Որպես պատասխանող կողմ հանդես էին գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:

Գործող նախագահի շահերը ՍԴ-ում ներկայացնում էին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Աղբյուրը՝ www.hra.am