Նորություններ

Օպերլիազորների դեմ հարուցված քրգործով դատավարությունը մեկնարկեց

27.03.2013

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Մնացական Մարտիրոսյան) կայացավ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված գործով առաջին դատական նիստը:

Օպերլիազորներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով և 309 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար։ Մեղադրանքում ասվում է, որ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք և իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող, բռնությամբ զուգորդված գործողություններ: Նրանք կալանքի տակ են գտնվում 2012թ. դեկտեմբերի 18-ից:

Գործով տուժող է հանդիսանում Ռոբերտ Հովսեփյանը: Դատարանում մեղադրանքը պաշտպանում է դատախազ Ջոն Ֆարխոյանը: Դատական նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր, և ներկաների գերիշխող մեծամասնությունը եկել էր ամբաստանյալ օպերլիազորներին հոգեպես աջակցելու, որոշներն անգամ ոստիկանության համազգեստով էին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Հովսեփյանը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին մի քանի այլ անձանց հետ միասին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևան քաղաքի վարչության Կենտրոնական ոստիկանության բաժանմունք: Ռոբերտի խոսքերով՝ ոստիկանության բաժանմունքում նրան առանց պաշտպանի ներկայության հարցաքննել են և ստիպել են խոստովանել 7 դրվագով գողություն կատարելու մեջ: Նա պահվել է բաժանմունքում մինչ 2012 թվականի հոկտեմբերի 4-ը, ընդ որում՝ այդ ընթացքում նրան հնարավորություն չեն տվել ծնողներին տեղեկացնել բերման ենթարկվելու մասին, ինչպես նաև՝ պաշտպան հրավիրել:

Մի քանի օր անց Ռոբերտը պատմել է իր պաշտպանին, որ ոստիկանության 3-4 աշխատակից իրեն ծեծել են մահակով, երկաթե ձողով հարվածել են ականջին։ Երբ տեսել են, որ չի խոստովանում, տարբերակ չունեն, իր պատմելով, բերել են երկու միասեռականների, որոնք փորձել են ինչ–որ գործողություններ անել։ Ինքն էլ մտածել է՝ «եթե պիտի գնամ, գոնե պատվազրկված չգնամ»։ Հոկտեմբերի 4-ին քննիչը գրել է խոստովանական ցուցմունքը, ինքը ստորագրել ՝ ընդունելով, որ 7 դրվագով գողություն է կատարել։ Միայն դրանից հետո Հովսեփյանին թույլ են տվել զանգահարել ծնողներին և տեղեկացնել պատահածի մասին: Բերման ենթարկելու ու ձերբակալելու հանգամանքը պաշտոնապես գրանցվել է հոկտեմբերի 4-ին։ Այնուհետև նա տեղավորվել է ձերբակալվածներին պահելու վայր (ՁՊՎ):

Ոստիկանների կողմից խոշտանգվելու մասին Ռոբերտ Հովսեփյանի և նրա մոր հայտարարությունից հետո, ՀՀ գլխավոր դատախազությունը գործն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նյութեր նախապատրաստելու համար: Փորձաքննությունը երիտասարդի մարմնին ծեծին բնորոշ տարբեր վնասվածքներ է հայտնաբերել՝ կապտուկներ (այդ թվում՝ ձեռնաշղթաներով երկար մնալուց առաջացած), քերծվածքներ։ Բացի այդ, որովայնին և ձեռքերին մակերեսային կտրվածքներ են եղել, որոնք Հովսեփյանն ինքն է արել՝ ի նշան բողոքի։ Փորձաքննությունը նաև լսողության խնդիրներ և կողերի հնարավոր վնասվածքներ է հայտնաբերել, որոնք ևս ծեծի հետևանք են։ Հովսեփյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որը հիմնավորել է, որ նրան պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով։

2012 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի նկատմամբ։

Ամբաստանյալների պաշտպանի միջնորդության հիման վրա այսօր նշանակված դատական նիստը հետաձգվեց։ Պաշտպանը ժամանակ խնդրեց իր վստահորդների հետ մեղադրանքի նկատմամբ դիրքորոշումը պարզելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա ս.թ. մարտի 29-ին ժամը 15:00-ին:

Հեղինակը՝ Աննա Մելիքյան

Աղբյուրը՝ www.hra.am