Նորություններ

Վճիռներ այլ անձանց փոխարեն քվեարկելու փաստով հարուցված քրեական գործերով

10.04.2013

ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում (ներառյալ քարոզարշավի ընթացքը և քվեարկության օրը) արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցված 13 քրեական գործերից 5-ն ուղարկվել է դատարան, իսկ 3 քրեական գործով (5 անձի վերաբերյալ) դատաքննությունն ավարտվել է:

Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար առաջադրված մեղադրանքները: Երեք քրեական գործերով մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը և միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանի կողմից բավարարվել է:

Թիվ 12/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ոստիկանության Շենգավիթի բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 3 անձանց:

Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը և թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ.Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում քվեարկելուց հետո, ժամը 14:20-ի սահմաններում փորձել են քվեարկել նաև թիվ 12/16 ընտրատեղամասում, սակայն չեն կարողացել քվեաթերթիկը տուփի մեջ գցել, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է և կանխել։

12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ռ.Ղազարյանը Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին գրանցել է և թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել էր Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով և, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան, իսկ Ռ. Ղազարյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով և դատապարտել տուգանքի` 500.000 դրամի չափով:

Դատարանը նշված երեք անձանց էլ դատապարտել է տուգանքի` Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին 600.000-ական, իսկ Ռ. Ղազարյանին` 500.000 դրամի չափով:

Թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Հ.Գլջյանին:

Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել էր 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին և կանխել: Քաղաքացին ընտրատեղամասից դիմել էր փախուստի:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 21.03.2013թ. դատավճռով Հ.Գլջյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի` 600.000 դրամի չափով:

Թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ hetq.am կայքէջում տեղադրված «Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հ.Թարվերդյանին:

Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրությունների օրը, Արարատի մարզի Նորաշեն գյուղի թիվ 17/31 ընտրատեղամասում Հ.Թարվերդյանը փորձել է քվեարկել նույն գյուղի մեկ այլ բնակչուհի Ժ.Գեղամյանի անձնագրով:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հ.Թարվերդյանը դատապարտվել է տուգանքի` 500.000 դրամի չափով:

Աղբյուրը՝ www.hra.am