Նորություններ

Քարոզչություն անող ՀԱԿ երիտասարդը ծեծի է ենթարկվել

23.04.2013

Ալեքսանդր Հախվերդյանը՝ հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո։

Ապրիլի 22-ի երեկոյան Աջափնյակ համայնքում քարոզչական նյութեր տարածելիս ծեծի է ենթարկվել Երևանի ավագանու ընտրություններին քարոզարշավ իրականացնող ՀԱԿ ակտիվիստներից մեկը՝ Ալեքսանդր Հախվերդյանը։ Նա ուղեղի ցնցումով և գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժօգնություն է ստացել։

ՀԱԿ ակտիվիստը ilur.am-ին փոխանցել է, որ միջադեպը եղել է 17-րդ թաղամասում՝ Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհին, շենքերի մուտքերի առջև։

Նա պատմել է, որ քարոզչական բուկլետներ բաժանելիս իրենց մոտեցել են մի քանի երիտասարդներ ու ասել, թե այդ թաղամասում ոչ ոք իրավունք չունի քարոզչություն անելու.

«Սկզբում մոտեցան չորս երիտասարդ ու հարց ու փորձ արեցին, թե որտեղից եմ, ինչ եմ անում, հետո ասացին՝ էս մեր տարածքն է, ինչ գործ ունեք, սաղ ստեղ մեր ձայներն են, սաղ հանրապետական են, սաղ մերոնք են: Իրավունք չունեք, մի մտեք մուտք: Ես էլ բացատրեցի՝ աշխատանքի մեջ եմ, քարոզարշավ եմ իրականացնում, ու ասացի՝ ձեր կատարածը օրենքի խախտում է»:

Ալեքսանդր Հախվերդյանի խոսքերով՝ ավելի ուշ երիտասարդներին են միացել ավելի տարիքով ավելի քան տասը տղամարդ։ «Նրանից մեկը հարվածեց գլխիս և մոտ 40 տարեկան տասնհինգ տղամարդիկ միացան հարվածներին»,– հիվանդանոցում iLur.am –ին պատմել է ՀԱԿ ակտիվիստը:

Միջադեպի մասին երիտասարդները հաղորդում են տվել Մաշտոցի ոստիկանության բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ iLur.am-ի։

Աղբյուրը՝ www.hra.am