Նորություններ

Ոստիկանը չի կանխել լրագրողի նկատմամբ բռնությունը

25.04.2013

Լրագրողի ծեծին ներկա ոստիկանը

Ապրիլի 23-ին, ժամը 17։30-ի սահմաններում՝ iLur.am –ի լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառել Նոր Նորքի 8-րդ զանգվածում Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը տեսանկարահանելիս։

Ըստ iLur.am –ի՝ լրագրողը սկսել է բակում նկարահանումներ անել՝ երեխաների հետ զրուցել, թե ինչու են եկել, ում հրավերով, ինչ ակնկալիքով և այլն: Լրագրողը նկարահանել է նաև, թե ինչպես են հանդիպման կազմակերպիչները դեղին փուչիկներ բաժանում երեխաներին, ինչը դուր չի եկել ՀՀԿ–ականներին։

Դեպքերի հետագա ընթացքը, ըստ Հակոբ Կարապետյանի, այսպես է եղել։

«Մի երիտասարդ մոտեցավ՝ «ի՞նչ ես նկարում», ասացի՝ «ինչ որ տեսնում եմ», «երկար ե՞ս նկարելու», ասացի՝ «մինչև միջոցառման ավարտը»: Մի քանի հոգի էլ մոտեցան, մեկը թե՝ «ապեր, ստե մի նկարի, գնա ընդե, ծառերը նկարի», ասացի, որ օրենքով ինձ վերապահված գործն եմ անում (էդ ընթացքում շարունակելով նկարել գազելի շուրջ տեղի ունեցողը, բայց ոչ զրուցակիցներիս դեմքերը): Սա թե՝ «հիմի ուզում ես, մենք էլ մեր օրենքներով քո հետ վարվե՞նք»: Ասում եմ՝ ի՞նչ պետք է անեք, ես հրապարակային միջոցառում եմ լուսաբանում, որևէ մեկի իրավունքը չեմ խախտում (խոսում եմ հնարավորինս գրական լեզվով, սրանց դիմելով «դուք»-ով):

Երբ տեսախցիկս պահեցի սրանց վրա, ավելի բորբոքվեցին: Էդ պահին մոտեցավ կապույտ վանդակավոր պիջակով ճաղատ մեկը, որ մինչ այդ համակարգում էր թաղի երեխեքի, Տարոն Մարգարյանին աղուհացով դիմավորել պատրաստվող աղջիկների «աշխատանքը», ու հայհոյելով սկսեց հարվածել: Նրան միացան մյուսները, սկսեցին քաշքշել, հարվածել: Էդ ընթացքում էն եմ հիշում, որ պիջակավորը գոռում էր՝ «խի եք հարամում արա մեր հացը, այ ռեվոլյուցյոներներ»։

Լրագրողի խոսքերով՝ միջադեպին ներկա ոչ ոք չի միջամտել։ Տեղում է եղել նաև ոստիկանության աշխատակից, ով անգամ չի փորձել կանխել բռնությունը։

«Երբ ակնոցս աչքերիցս ընկավ, ձեռքիցս նկարահանող սարքը խլեցին ու հանդարտվեցին, ամեն մեկը մի կողմի վրա գնաց: Մոտենում եմ մայորին, ասում ա՝ «նորմալ ա, ապեր ջան, հանգստացի, զանգել եմ ոստիկանություն»,– պատմել է լրագրողը:

Ավելի ուշ ինչ–որ մեկը լրագրողին տոպրակով վերադարձրել է տեսախցիկը, որի միջից ջնջված է եղել նկարահանված ողջ նյութը։

Միջադեպից հետո նրան է մոտեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակից, ով ներկայացել է Արմեն անունով։ Լրագրողը գաղտնի նկարել է նրա հետ տեղի ունեցած խոսակցությունը, ինչպես նաև՝ ֆիքսել է իրեն ծեծող ՀՀԿ–ականին և ծեծին չմիջամտող ոստիկանին։ 

iLur.am –ի տվյալներով՝ հարվածողը Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է։

Քիչ անց, ըստ նույն աղբյուրի, Հակոբ Կարապետյանի բջջային հեռախոսին զանգահարել է Ջրվեժի ոստիկանապետ Գալստյանը. «Ասեց՝ մոտեցի էդտեղ կանգնած ոստիկաններից մեկին, քո պրոբլեմների մասին պատմիր: Ասում եմ՝ պարո՛ն, ի՞նչ պրոբլեմ, ինձ ծեծել են հարյուր մարդու աչքի առաաջ, ոստիկանության մայորի աչքի առաջ, հիմա էլ տասնյակ ոստիկաններ են էստեղ կանգնած, ե՞ս մոտենամ: Անջատեցի հեռախոսը, անջատեցի տեսախցիկս, ու փողոցից տաքսի վերցրեցի, իջա քաղաք՝ խմբագրություն»:

Մարդու իրավունքների պաշտպանն ապրիլի 25-ին հայտարարություն է տարածել, որով իր վրդովմունքն է հայտնել օրերս նախընտրական քարոզարշավը լուսաբանելիս iLur.am –ի՝ լրագրող Հակոբ Կարապետյանին բռնության ենթարկելու փաստի վերաբերյալ։

«Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է»,– ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Լուսանկարները և տեսանյութը՝ iLur.am –ի։

Աղբյուրը՝ www.hra.am