Նորություններ

Լրագրողի ծեծը չկանխած ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի

26.04.2013

Photo by iLur.am

Ապրիլի 23-ին քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանող լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և նրան բռնության ենթարկելու միջադեպի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են պատրաստվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

iLur.am –ի լրագրողը նաև հայտնել է, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը (տե՛ս նկարում) չի միջամտել կատարվածին, չի փորձել կանխել իր նկատմամբ բռնությունը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն։

Իսկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ «iLur.am» կայքի թղթակից Հակոբ Կարապետյանը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ ապրիլի 23-ի ժամը 17։30-ից 18։00-ի սահմաններում Նոր Նորքում, որտեղ պետք է կայանար քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը, ՀՀԿ–ականները խոչընդոտել են իր աշխատանքը, խլել են տեսախցիկը, հարվածել։

Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Հակոբ Կարապետյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրը՝ www.hra.am