Նորություններ

«Հետքի» լրագրողը ոստիկանությունում բացատրություն է տվել

29.04.2013

Այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն՝ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բացատրություններ տալու։

Նշենք, որ ապրիլի 27-ին, երբ «Հետքի» լրագրողը տեսել է, թե ինչպես են երկու ոստիկան Հյուսիսային պողոտայի վրա նվագող կիթառահար Գևորգին փորձում բաժին տանել։ Լրագրողը միջամտել է՝ փորձելով պարզաբանումներ ստանալ կիթառահարին բերման ենթարկելու հիմքերի վերաբերյալ։

Ոստիկանների և Անի Հովհաննիսյանի խոսակցությանը միջամտել է քաղաքացիական հագուստով միջին տարիքի մի տղամարդ, ով սկսել է հրել և վիրավորել լրագրողին։ Մանրամասները՝ hetq.am –ի տեսանյութում։

Պարզվել է, որ քաղաքացիական հագուստով անձը ոստիկան է, անունը Վարդան Ղուկասյան է և հայտնի է «Դոգ» մականունով։

Դեպքին հաջորդող օրը՝ անցած կիրակի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է հրավիրել և Վարդան Ղուկասյանին հեռացրել է աշխատանքից:

Անի Հովհաննիսյանը www.hra.am –ին հայտնեց, որ նշանակվել է ծառայողական քննություն։ Ոստիկանությունում իրեն տեղեկացրել են, որ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվելուց հետո ոստիկանության ռեզերվում է հաշվառվել։

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նա նորից վերականգնվի իր պաշտոնում, ոստիկանությունում պատասխանել են՝ «դժվար թե, բայց, ամեն դեպքում, պետք է սպասել ծառայողական քննության արդյունքներին»:

Անի Հովհաննիսյանին հասած մեկ այլ տեղեկության համաձայն՝ ապրիլի 29-ի առավոտյան Վարդան Ղուկասյանը լքել ՀՀ տարածքը:

Մարիամ Սարգսյան

Տեսանյութը՝ "Հետք"–ի

Աղբյուրը՝ www.hra.am