Նորություններ

Ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ»՝ ընտրացուցակների ճշգրտման նպատակով

29.04.2013

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև՝ անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ 25.03.2013թ.-ի դրությամբ՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում հաշվառված է 817.814 ընտրող, որից 3.375-ը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք են։ Ոստիկանությունից պարզաբանում են, որ, ի տարբերություն համապետական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներից բացի ընտրելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեն առնվազն վեց ամսվա հաշվառում (ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է նաև, որ ընտրությունների ընթացքում (ներառյալ նախընտրական շրջանը) հասարակական կարգ ու կանոնի հաստատման, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում՝ 010-58-02-02 և 010-56-50-62 հեռախոսահամարներով:

Աղբյուրը՝ www.hra.am