Նորություններ

Հարուցվել են քրեական գործեր մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար

05.05.2013

ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ թիվ 8/23 և 11/32 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. մայիսի 5-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 8/23 ընտրատեղամաս և փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ՝ միանգամից երեք քվեաթերթիկում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և քվեատուփը գցելու եղանակով։ Ընտրական հանձնաժողովի անդամ Քնարիկ Գևորգյանը, նկատելով դա, թույլ չի տվել Դ. Մկրտչյանին քվեարկել։

Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին վարչական շրջանի բնակիչ Ղազար Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ։ Նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Ընտրողը չի կարողացել քվեաթերթիկները գցել քվեատուփի մեջ, քանի որ հանձնաժողովի նախագահը նկատել և կանխել է խախտումը։

Երկու միջադեպ առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում` թե ինչպես են ընտրողների մոտ հայտնվել մեկից ավելի ծրար և քվեաթերթիկ։

Աղբյուրը՝ www.hra.am