Նորություններ

Ընտրություններն անցան լարված և մրցակցային մթնոլորտում. Ա.Կիրակոսյան

06.05.2013

Photo by Media Center

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մայիսի 6-ին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին, որ ընտրությունները միջազգային չափանիշներին չեն համապատասխանել։ Նախընտրական շրջանում կիրառվել է վարչական ռեսուրսը, իսկ քվեարկության օրը նույն խախտումները նկատվել են գրեթե բոլոր ընտրատեղամասերում՝ կուտակումներ տեղամասերի ներսում և դրսում՝ 50մ շառավղով, լրագրողների և դիտորդների աշխատանքի խոչընդոտում, հոգեբանական ճնշումներ, ոչ լիազորված անձանց ներկայություն ընտրատեղամասում և դրա առջև, ուղղորդումներ և այլն։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի գնահատմամբ՝ ընտրություններն անցան լարված և մրցակցային մթնոլորտում։ «Տեղամասերում և տեղամասերից դուրս մարդկանց խմբեր և առանձին անհատներ ճնշումներ էին գործադրում ընտրական գործընթացի մասնակիցների վրա։ Ճնշողների մի մասը ներկայանում էին որպես ՀՀԿ վստահված անձիք, ինչպես նաև՝ տարբեր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ»,– նշեց նա՝ հավելելով, որ ուղղակի, ինչպես նաև՝ անուղղակի (վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով) խոչընդոտներ են եղել լրագրողների և դիտորդների նկատմամբ՝ լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնելիս:

Կիրակոսյանի խոսքերով՝ ձայների հաշվարկը սկսվել է նյարդային և լարված մթնոլորդում, և իրավիճակը հարթվել է միայն այն բանից հետո, երբ տվյալները ցույց են տվել, որ ՀՀԿ–ն հաղթում է։ «Ընտրությունների արդյունքների մասին վերջնական եզրակացություններ կարելի անել բողոքների ներկայացման և դրանց հետագա ընթացքն ու կայացված որոշումներն ուսումնասիրելուց հետո»,– ասում է ՔՀԻ խորհրդի նախագահը։ Իսկ առայժմ, նրա բնորոշմամբ, քվեարկության ընթացքում պայքար էր «թաղի տղաների ու քաղաքի աղջիկների միջև»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտարարում է, որ դիտորդական առաքելությունը կուսակցություններն օգտագործել են մարդկանց ուղղորդելու համար։ Նրա համոզմամբ՝ «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն, «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա կազմակերպությունները աշխատել են Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին։ «Որևէ տարբերություն չի եղել վստահված անձանց և այս կազմակերպությունների դիտորդների գործունեության մեջ, և նրանք անընդհատ փոխվել են բեյջերով՝ մեկ ներկայանալով վստահված անձ, մեկ՝ դիտորդ»,– նշեց Ավետիք Իշխանյանը։

«Նախագահական ընտրություններին իշխանությունները բավականին հանգիստ էին, և իրենց համար անսպասելի եղան այն արդյունքները, որ եղան։ Այս ընթացքում իրենք շատ լուրջ աշխատեցին և հնարավորինս կիրառեցին բոլոր ռեսուրսները վարչական, և այդ ուժեղ աշխատանքի արդյունքում Տարոն Մարգարյանը հաղթեց Սերժ Սարգսյանին Երևանում»,– ամփոփելով իր խոսքը՝ ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահը։ 

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախագահ Սոնա Այվազյանի գնահատմամբ՝ հերթական անգամ Հայաստանում տեղի ունեցան խայտառակ ընտրություններ:

«Ամեն անգամ կարծես մենք զարմանում ենք, թե ինչքան շատ և բազմազան կարող են լինել այդ խախտումները: Առավոտվանից, առաջին իսկ պահից սկսած գրանցվել են դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիների իրավունքների խախտումներ: Եղել են խոչընդոտներ մեր դիտորդների կողմից տեսանկարահանման հետ կապված, հնչել են սպառնալիքներ, հայհոյանքներ, հոգեբանական ճնշումներ են կիրառել: Ամբողջ ընթացքում լարվածություն է դիտարկվել տեղամասերի մեծ մասում»,– ամփոփելով դիտարկումների արդյունքները՝ արձանագրում է Սոնա Այվազյանը։

Նրա խոսքերով՝ որոշ տեղամասերում պարզապես թաղային հեղինակություններն էին իշխում. «Անգամ ԱԺ պատգամավորի մակարդակով էին հարցերը կարգավորում՝ Սամվել Ալեքսանյանի, ով կարող էր գալ տեղամաս և իր բանդայի ներկայացուցիչներին սաստել...»։

«Թրանսփերենսի ինթերնեյշնլի» և «Քաղաքացի դիտորդ» ծրագրի մասնակից ևս երեք կազմակերպությունների դտորդները գրանցել են «կարուսելի» կիրառման դեպքեր, գունավոր գրիչներով քվեարկություն, համատարած կուտակումներ, փոխադրամիջոցներով մարդկանց ուղղորդում տեղամասեր, բազմակի քվեարկություն, ընտրացուցակներում անճշտություններ և այլն։

«Գնահատականն ընդհանուր առմամբ վատ է, մենք կարծես առաջ չենք գնում»,– ամփոփելով նշում է Սոնա Այվազյանը՝ հավելելով, որ իրենց կողմից արձանագրված խախտումներով հաղորդումներ են ուղարկվել իրավապահ մարմնիններին, և իրենք հետամուտ են լինելու դրանց ընթացքին։

iDitord.org կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կայքում տվյալ պահի դրությամբ գրանցված է 417 խախտում, որի մեծ մասը քաղաքացիները տեղադրել են քվեարկության օրը։ Ըստ նրա՝ արձանագրված են հնարավոր գրեթե բոլոր խախտումները, բացի քվեատուփի հափշտակումից։ Իսկ խախտումների մասին ամենաշատ տեղեկատվությունը եկել է Մալաթիա–Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններից։ 

«Հարմոնիա» ՀԿ նախագահ Էդուարդ Ղուդրունցը ընտրությունները կարճ բնորոշեց որպես «վերահսկվող ժողովրդավարական ընտրություններ»։ Իսկ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը բարձրացրեց այն հարցը, թե ինչու դիտորդը տեղամասում դիտարկելուց բացի չի կարող նաև բողոքել իր նկատած խախտումների դեմ։

«Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ նախագահ Լուսինե Սիմոնյանը համաձայն է հնչեցված ընդհանուր գնահատականների հետ և փաստում է, որ հերթական անգամ իրենք համոզվեցին, որ Հայաստանում իշխանություններին օրինական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով փոխելը հնարավոր չէ։

Աղբյուրը՝ www.hra.am