Նորություններ

Օմբուդսմենը գնահատեց Երևանի ավագանու ընտրությունները

07.05.2013

«Ընտրությունները եղել են մրցակցային: Բոլոր մրցակից ուժերը ունեցել են քարոզչության ազատ պայմաններ, իսկ տեղամասերում ունեցել են բավարար ներկայացվածություն ու իրական հնարավորություն վերահսկելու քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը: Լրագրողները և հասարակական կազմակերպությունների դիտորդները աննախադեպ ակտիվությամբ են հետևել ընտրությունների ողջ գործընթացին և հանրությանն իրազեկել են գրեթե յուրաքանչյուր՝ նույնիսկ աննշան շեղման մասին»,– սա Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հրապարակած գնահատականն է:

Պաշտպանի 116 թեժ գծին ստացվել է ընդամենը 19 ահազանգ, իսկ սեփական նախաձեռնությամբ կատարված 66 շրջայցերի արդյունքում ստացվել է 2 բողոք: Համեմատության համար նշենք, որ անցած ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Պաշտպանի թեժ գծին ստացվել էր 214 ահազանգ, իսկ 2012թ. կայացած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ 178 ահազանգ:

Պաշտպանի գնահատմամբ՝ նախորդ ընտրությունների համեմատ Ոստիկանությունը առավել օպերատիվ է արձագանքել ընտրակեղծիքների մասին քաղաքացիական հասարակության շուրջ 600 ահազանգերին, և առանձնացրել է առավել արժանահավատ 143 ահազանգ:

«Լցոնման, ընտրակաշառքի բաժանման, կրկնակի քվեարկության և այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջև եղած ձայների տարբերությունը էականորեն գերազանցում է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը»,– ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ www.hra.am