Նորություններ

ԿԸՀ–ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

13.05.2013

Մայիսի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել և հրապարակել է մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունը։

Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ։

464 տեղամասերի տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցած 437 հազար 79 ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի հանրապետական կուսակցություն – 235.515

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 97.166

«Բարև, Երևան» կուսակցությունների դաշինք – 35.721

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 18.493

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 15.997

«Օրինաց երկիր» կուսակցություն – 15.732

«Առաքելություն» կուսակցություն – 2.690

Որոշ ընտրատեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքում՝  նախնական արդյունքների համեմատ, ՀՀԿ-ի քվեների թիվն ավելացել է 3-ով, ԲՀԿ–ինը պակասել է 23-ով, իսկ «Բարև, Երևան» դաշինքի ձայները պակասել են 11–ով։  

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածի 2-րդ կետը սահմանում է` եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

ԿԸՀ որոշման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

 

Աղբյուրը՝ www.hra.am