Նորություններ

Ընտրություններ. հարուցված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել

13.05.2013

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում այս պահի դրությամբ 4 քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրվել 3 անձանց:

Մայիսի 5-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ թիվ 97 միջնկարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խմբին հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08:20-ին նկատել է մի տղամարդու, երկու ծրար ձեռքին քվեատուփին մոտենալիս, և մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, որոնց մեջ հայտնաբերվել է մեկական քվեարկած քվեաթերթիկ:

Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գործի շրջանակներում մայիսի 13-ին մեղադրանք է առաջադրվել Ղ.Մկրտչյանին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:

05.05.2013թ., ժամը 13:30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳԲ-ի տեսուչից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 8/23 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դ. Մ.-ի մոտից երեք հատ քվեարկած քվեաթերթիկ է հայտնաբերվել:

Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս գործով Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում համապատասխան նշում կատարելու և նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:

Մայիսի 5-ին, Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 07/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին անգամ քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը և թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին քվեարկել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 և 34-153 հոդվածներով: Նախաքննության ընթացքում պատրաստված նյութերի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվառված և քվեարկելու իրավունք չունեցող Ս.Սերոբյանին՝ չպարզված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու, ինչպես նաև` թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու համար։

Մայիսի 5-ին, ժամը 18։00-ին, թիվ 4/23 ընտրատեղամասի նախագահից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամը ժամը 17։00-ի սահմաններում ընտրատեղամաս քվեարկության եկած Լիլիթ Մ.-ին տվել է երկու քվեաթերթիկ` երկու ծրարով, որոնցում Լիլիթ Մ.-ն քվեարկել է թիվ 2 համարի տակ գտնվող ԲՀԿ-ի օգտին:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ www.hra.am