Նորություններ

Հարուցվել է քրեական գործ` այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

14.05.2013

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի ավագանու ընտրությունների օրը թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի կողմից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներ չլինելով և նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունենալով, փորձել են քվեարկել 03/19 ընտրատեղամասում:

Նյութերի նախապատրաստման օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազի հանձնարարությամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում այս պահի դրությամբ 5 քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրվել 3 անձանց:

Աղբյուրը՝ www.hra.am