Նորություններ

Երևանի ավագանու ընտրություններ. Գործերն ուղարկվել են դատարան

18.05.2013

Դատախազության կողմից հաստատվել և դատարան են ուղարկվել մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների օրը 09/17, 07/18, 8/23 և 11/32 ընտրատեղամասերում արձանագրված խախտումներով հարուցված չորս քրեական գործերը։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը։

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրանքը։

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Է.Եփրեմյանը, հանդիսանալով թիվ 08 ընտրատեղամասի ընտրող, Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո գնացել է թիվ 09/17 ընտրատեղամաս և փորձել կրկին քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի կողմից:

Ավարտվել է նաև թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, մեղադրական եզրակացությունը հաստատվել է վերահսկող դատախազի կողմից։

Սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն` Ս.Սերոբյանը և Վ.Թորոսյանը, հաշվառված լինելով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում և ընդգրկված չլինելով թիվ 07/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամներից մեկի` Լ.Դավթյանի օժանդակությամբ մասնակցել են Երևան քաղաքի ավագանու ընտրություններին։ Մասնավորապես` Լ.Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողների անվան դիմաց լրացրել է 07/18 ընտրատեղամսում քվեարկելու իրավունք չունեցող Վ.Թորոսյանի և Ս.Սերոբյանի անձնագրերի տվյալները և նրանց տվել քվեաթերթիկ ու ծրար: Վ.Թորոսյանը քվեարկել է, իսկ Սերոբյանը չի կարողացել քվեարկությունն ավարտին հասցնել, քանի որ այն կանխվել է հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:

Լ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ և 38-34-153-րդ հոդվածներով, Ս.Սերոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Վ.Թորոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Դատարան է ուղարկվել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել թիվ 08/23 ընտրատեղամասում մայիսի 5-ին Դ. Մխիթարյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանը թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ: Սակայն հանձնաժողովի անդամներից մեկը նկատել է և կանխել: Նախաքննությամբ պարզվել է, որ ընտրողին երեք ծրար և նույնքան քվեաթերթիկ տրամադրել է նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը, ով վիճակահանությամբ հանդիսացել է թիվ 08/23 ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ: Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Է.Մանուկյանին` 38-34-153-րդ հոդվածով:

Հաստատվել է նաև 11/32 ընտրտատեղամասի դեպքի գործով մեղադրական եզրակացությունը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մայիսի 5-ին` Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ղ.Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ: Նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Աղբյուրը՝ www.hra.am