Նորություններ

Խնամակալության հանձնաժողովները խեղում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. ՄԻՊ

23.05.2013

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ մտահագություն հայտնելով Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անպատասխանատու աշխատանքի վերաբերյալ։

Այդ հանձնաժողվները համայնքներում իրականացնում են անմիջական աշխատանք ընտանիքների հետ, մասնավորապես՝ երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻ պաշտպանին հասցեագրված դիմումներում բազմիցս բարձրացվել է այն խնդիրը, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինները պատշաճ կերպով չեն հետազոտում երեխայի կյանքը և հաճախ տրվում են եզրակացություններ մեկ տնային այցելությունից հետո։

«Խնդիրն այն է, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Անհրաժեշտ է պարբերաբար տնայցեր կազմակերպել երեխաների բնակության վայր, ինչպես նաև շարունակական կերպով հետազոտել երեխաների կյանքի պայմանները, մասնավորապես՝ այն ծնողի վերաբերմունքը դեպի երեխաները, որի հետ բնակվում են, երեխաների հոգեբանական վիճակը, նրանց առաջադիմությունը և այլն»,– նշում է Պաշտպանը:

Ամփոփելով ստացած դիմումները՝ ՄԻ պաշտպանը առանձնացրել է մի քանի խնդիրներ՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինը գործում է հասարակական հիմունքներով, նրա աշխատանքը պատշաճ կերպով չի վերահսկվում, որի արդյունքում հանձնաժողովը կարող է կամայական որոշումներ կայացնել երեխաների համար բախտորոշ հարցերի վերաբերյալ, բացի այդ՝ չկան կյանքի պայմանների մանրամասն հետազոտություն իրականացնելու համար չափորոշիչներ։

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պաշտպանը նշված խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան իրավական ակտերում լրացումներ կատարելու առաջարկություն է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ նշված խնդիրները լուծում կստանան ներկայումս իրականացվող ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրի շրջանակներում:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ www.hra.am –ի նախորդ անդրադարձն՝ այստեղ։

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am